Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլն: Բայց կարիք կա՞ դրան...» (էջ 184)։ Ակսել Բակունցը, ըստ Ա. Հովհաննիսյանի եզրափակման՝ վերահյուսել է «ազգային նոր վիպասանություն, նոր լեգենդ՝ Աղասու փոխարեն հերոսացնելով այս անգամ հենց իրեն՝ Աբովյանին... Ասում են... ընկ. Ակսելը ձեռնարկել է գրելու նոր մի վեպ Աբովյանի մասին... Թվում է, թե ինչ-որ թյուրիմացություն կա այստեղ։ Վեպը Աբովյանի մասին գրված է արդեն... Ասպետական, սակայն հապաղած փորձ է այս» (էջ 142)։

Ա. Հովհաննիսյանի հետ միաժամանակ, բայց արտասահմանում (Բրյուսելում), մեկ ուրիշ մեծ ու հեղինակավոր հայագետ՝ Նիկողայոս Ադոնցը նույնպես, հրատարակեց իր քննադատական դիտողությունները Բակունցի գրքի մասին (տե՛ս «Վեմ, հանդես մշակույթի և պատմության», գիրք Ա., սեպտ.-հոկտ., 1933, էջ 5-13, «Խաչատուր Աբովյանի վախճանը»), որտեղ կան հիացական խոսքեր Բակունցի տաղանդի մասին («Ա. Բակունցը բանաստեղծ է և ըմբռնել է Աբովյանի հոգեբանությունը»), նաև՝ փաստական որոշ՝ անճշտություններ և Աբովյանի գլուխը լուսապսակով զարդարելու մղում, սակայն ընդհանուր եզրակացությունը շատ էլ չի տարբերվում Ա. Հովհաննիսյանից. «Արդյո՞ք հաջողել է Ա. Բակունց պատռել անհայտության քողը»,— հարցնում է Ն. Ադոնցը և անմիջապես պատասխանում. «Տարաբախտաբար, ո՛չ։ Կարելի է ասել, որ եղած քողի վրա՝ պարզել է մի նոր և բանաստեղծական շղարշ»։ «Բակունց Աբովյանին վերագրում է տաճկական համակրանք, որպես հակազդեցություն ռուսական հուսախաբության։ Այստեղ, «թվում է, թե մեղանչում է ճշմարտության դեմ»։ «Բակունցի ենթադրությունը հեռու է իսկությունից, բանաստեղծական տեսություն է» (էջ 5, 11 և 12)։

Ա. Հովհաննիսյանի և Ն. Ադոնցի հոդվածների կապակցությամբ՝ Բակունցի վարկածի մասին կարծիք է հայտնել նաև Արշակ Չոպանյանը (տե՛ս «Անահիտ», 1933, № 1 — 2, հուլիս֊սեպտեմբեր, «Քրոնիկ» բաժին, էջ 62—63, «Նոր հրատարակություններ» և № 3—4, հոկտ.-դեկտ., նույն բաժին, էջ 85—86, «Աբովյանի անհայտացման առեղծվածը և պրոֆ. Ն. Ադոնց»), որը նույնպես համամիտ է երկու գիտնականների ընդհանուր եզրակացությանը։ Նա Ա. Հովհաննիսյանի գիրքը հռչակում է որպես «մեր քննադատական գրականության արժեքավոր արտադրություններեն մեկն և Աբովյանի մշտապես ձգողական տարօրինակ անձնավորության նվիրված ամենին կարևոր աշխատանքներեն մին», իսկ Ադոնցի այն կարծիքը, որ Աբովյանի անհայտացման հանցավորները գավառապետն ու ոստիկանապետն են, մերժում է, վերակրկնելով իր հին տեսակետը, թե Աբովյանը, անհայտ պարագաներում, ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին։

Այս բանավեճերի և անդրադարձումների վերջին էջը նույն «Վեմ» հանդեսի Դ. գրքում (1934, մարտ-ապրիլ, էջ 123—124) «X» ծածկանունով լույս տեսած «Աբովյանի մահվան շուրջ» հոդվածն է, որի հեղինակը, վկայակոչելով Աբովյանի ժամանակակիցներին, որոնց հետ ինքը խոսել, որոնց լռել էր, վերակրկնում և փոխանցում էր նրանց ասածներն ու համոզումը. Աբովյանն, ըստ հին երևանցիների՝ սպանվել է. «Այն սիրտը,— նկատում է հոդվածագիրը,— որ տոչորված էր ազգային սիրով, դժբախտաբար, տեղ է տալիս և այլ սիրո։ Սերերի խորքը զգացմունքների աշխարհն է, սառը խելքին չի հնազանդում: Եվ ահա մեր տեսուչը իր ընտանեկան պարկեշտությունը զոհում է սրտի զեղմունքին և մահմեդական մեծատան կնոջից խաբվում է։ Կնոջ ամուսին ազդեցիկ խանը զրկում է նրան կյանքից, մարմինը ամփոփում իր պարտեզի ծառի տակը և գիշերանց անհետացնում... Խաներն այն ժամանակ դեռ ուժեղ էին, երկյուղ ազդող, ոստիկանությունը