Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գավառական վարչությունը՝ ենթակա դրամի և վախի: Աբովյանի մերձավորները ամոթի՞ց, վախի՞ց, թե՞ մեղադրելու փաստացի տվյալներ ներկայացնելու հնարավորությունից զուրկ՝ հետապնդումները դադարեցնում են և տեղի տալիս առեղծվածներին։ Աբովյանի մահվան պարագաները շատերը գիտեին և երկար ժամանակ ծածուկ, բերնե բերան պատմում էին: Ահա այս է ճշմարտությունը։

1934 թ. վերջերին, հարևանցիորեն անդրադառնալով Բակունցի աշխատությանը, հայտնի մարքսիստ-հրապարակախոս Արշավիր Մելիքյանը նույնպես Աշոտ Հովհաննիսյանի և մյուսների տված գնահատականն էր վավերացնում. «Կիրառելով միակողմանի մեթոդ՝ փորձեցին լուծել Աբովյանի «Անհայտ բացակայումի» հանելուկը և հանգան վիպասանության (տե՛ս Ա. Բակունց, Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը»)»,— գրել է նա, ելնելով իր այն համոզումից, թե պատմա-բանասիրական առեղծվածները պետք է լուծվեն ոչ թե ենթադրաբար կամ միտումնավոր ձևով, այլ թեր ու դեմ փաստերի հանգամանալից վերլուծման ճանապարհով, իսկական գիտական մեթոդով (տե՛ս «Պրոլետար», 1934, Նոյեմ. 4, № 255, արտատպված՝ Ա. Մելիքյան, Ընտիր երկեր, Ե., 1982, էջ 299-300):

Բակունցին գրքի առաջ բերած արձագանքների մասին նրա բարեկամներից մեկը՝ Բ. Գևորգյանը, պատմել է մեզ. «Երբ լույս տեսավ գիրքը և կարդացի, հարցրի իրեն. «Ինչի՞ գրեցիր, չէ՞ որ սուտ է»: — Պատասխանեց. «Նրա համար, որ արձանը կանգնեցնեն»։ Հիրավի, Անդրեաս Տեր-Մարուքյանի կերտած Աբովյանի արձանը, որը շուրջ մեկ տասնամյակ նիրհում էր ինչ-որ նկուղում, 1933 թ, հուլիսի 6-ին հանդիսավորապես կանգնեցվեց այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում, որը նույնպես վերակոչվել էր Աբովյանի անունով (արձանը 1948-ին հանվեց ու ժամանակավորապես զետեղվեց Հրազդանի կիրճում, իսկ 1964-ի սեպտեմբերին փոխադրվեց Քանաքեռ, գրողի տուն֊թանգարանի առջևի հրապարակը, ուր և կանգնած է այժմ)։

Ակսել Բակունցն, իբրև գրող ու մտածող, իր ստեղծագործական տեսադաշտում մշտապես ունեցել է Աբովյանի անձն ու գործը, տարիներով ուսումնասիրել նրա ստեղծագործական փորձը, խորհել նրա կենսագրության առեղծվածների շուրջ, ջանացել է թափանցել այդ զարմանալի մարդու հոգու և մտքի խորքերը և այս աշխատությամբ՝ փորձել յուրովսանն լուծելու նրա խորհրդավոր անհայտացման առեղծվածը։

Սկզբում՝ իբրև դպրոցական աշակերտ, ապա՝ իբրև գրող ու գեղագետ, նաև՝ գրականության պատմաբան, Բակունցը ո՛չ միայն թերթ առ թերթ վերընթերցել է Աբովյանի մեծ ու հարուստ կյանքի խորհրդավոր էջերն ու դրվագները, այլ փորձ է արել վերաստեղծելու նրա կերպարը իր ժամանակակիցների համար, պարզել Աբովյանի ապրած մեծ ողբերգության անձնական, հասարակական և քաղաքական շարժառիթները։

Աբովյանի ողբերգության իրական պատճառները հասկանալու բակունցյան ձգտումն ուներ ուրիշ շարժառիթներ էլ:

Գռեհիկ սոցիոլոգիզմի տիրապետության պայմաններում, 20— 30֊ական թթ. (որը համընկավ Բակունցի ստեղծագործական կյանքի բուռն վերելքին), երբ պատմագիտության մեջ տնօրինում էին Մ. Պոկրովսկին և նրա հետևորդները Արևելյան Հայաստանի՝ Ռուսական տերության կազմի մեջ մտնելու դարաշրջանի բախտորոշ իրադարձությունները դիտվում Լին «որպես բացարձակ չարիք»: Ջանալով ավելի ընդգծել Հոկտեմբերի դերը