Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես՝ մասնավորապես «Վերք Հայաստանի» վեպից Բակունցն ուզում էր մակաբերել հեղինակային մի անհավատալի դիտավորություն` թաքնված, իբր, երկի ներքին ծալքերի տակ ու այդ պատճառով էլ մնացած անշոշափելի ու աննկատելի։ Որքան էլ ներթափանցման նախանձելի հակումներ հանդես բերի հեղինակը, այնուամենայնիվ ոչ մի քննադատության չի դիմանում դրանից բխեցվող այն դրույթը, թե, իբր, վերջին շրջանում Աբովյանի մտքերն ու ձգտումներն ուղղված են եղել Օսմանլուի Հայաստանում գործելու գաղափարին, թե նա քաղաքականապես աստիճանաբար «թեքվում էր դեպի այն խմբակը, որը դժգոհ էր թե՛ Ռուսաստանի վերաբերմունքից և թե՛ Ներսեսի քաղաքականությունից, իբրև առաջինի հլու-հնազանդ գործիքը», խմբակ, որի անդամներից ոմանք «գաղտնի անցնում էին Արևմուտք»։ Ըստ Բակունցի, Աբովյանը, որն, արդեն վաղուց ցարիզմի բռնություններից ազատագրվելու ելք էր որոնում, իբր թե լսելով ֆրանսիական հեղափոխության լուրը և, ըստ էության, հեղափոխական էլ չլինելով՝ 1848 թ. ապրիլին գաղտնի անցել կամ փորձել է անցնել Օսմանլուի երկիր, չգիտես՝ դեպի Արևմտյան Եվրոպա ուղևորվելո՞ւ, թե՞ հենց թուրքահայ միջավայրում էլ ծպտված ապրելու և գործելու դիտավորությամբ։ Այս ոգով էլ Բակունցը ձգտում է լուծել Աբովյանի կենսագրության առեղծվածը՝ նրա անհայտացման հարցը։

Մենք հարկ չենք գտնում զբաղվելու Բակունցի վարկածի վերաքննությամբ, քանի որ ժամանակն արդեն կայացրել է իր վճիռը, և այն էլ՝ ոչ հօգուտ առաջադրողի։

Աբովյանի մահվան առեղծվածը այսօր էլ խորհրդավոր է, ինչպես և 135 տարի առաջ, չնայած որ քննվել ու մերժվել են հայտնի վարկածներից մի քանիսը, նրանց մեջ և Աբովյանի արտասահման անցնելու և Սիբիր աքսորված լինելու ենթադրությունները։

Բանն այն է, որ այդ վարկածները զուրկ են առարկայական հիմքից չե՛ն ներդաշնակում Աբովյանի ետվերքյան ստեղծագործությունների ոգուն ու գաղափարական նպատակաուղղվածությանը, չե՛ն հաստատվում գրողի կենսագրության դրվագներով և արտաքին աղբյուրներով։

Բայց անկախ առաջադրված վարկածից՝ Բակունցը սույն աշխատությամբ շոշափելի ծառայություն է մատուցել աբովյանագիտությանը. նա շրջանառության մեջ է դրել մինչ այդ անծանոթ մի շարք վավերագրեր, որոնց մի մասի բնագրերը չեն հասել մինչև մեր օրերը կամ տակավին չեն հայտնաբերված։ Բակունցի «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» աշխատությունն, այսպիսով, իր առանձին էջերով, սկզբնաղբյուրի նշանակություն է ստանում և աբովյանագիտության որոշակի փուլի իրավիճակի անխարդախ պատկերն է։

1 Նրա կյանքի, հատկապես անհայտացման մասին հարյուրից ավելի ուսումնասիրություններ, գրքեր և հոդվածներ են գրել․․․-մինչև 1932 թ․ Աբովյանի մասին գրվել ու հրատարակվել է ընդամենը 10 գրքույկ, բոլորն էլ փոքրածավալ, որոնց մեջ, փաստական նյութի ընդգրկման առումով՝ արժեքավոր է միայն Ն․ Տեր-Կարապետյանի աշխատությունը (Տփղիս, 1897), իսկ Աբովյանի անհայտացման վարկածների վերաբերյալ հատուկ գիրք կամ հոդված առհասարակ չի գրվել, այդ մասին կան մեծ մասամբ առանձին տողեր կամ պարբերություններ, և կամ՝ ընդհանուր խոսքեր, նոր կենսագիրների ակնարկներում։ Ուշադրության արժանի են Ստ․ Ոսկանի, Ս․ Նազարյանցի, Ֆ․ Բոդենշտեդի, Հ․ Աբիխի, Լ․ Տիգրանյանի և Ա․ Դո․- անդրադարձումները, որոնցից և ո՛չ մեկը,