Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակայն, չի արտահայտվել հօգուտ Արովյանի՝ Թուրքիա փախչելու կամ Սիբիր աքսորված լինելու վարկածների։

2 Երևանի գավառապետին... — գավառապետ Նիկոֆոր Վասիլևիչ Բլավատսկին, որն 1848 թ. 40 տարեկան մարդ էր, ծնունդով Պոլտավայի նահանգից, Անդրկովկաս է փոխադրվել 1829 թվականին։ Սկզբներում աշխատել է Վրաստանի քաղաքացիական նահանգապետի և Գլխավոր կառավարչության գրասենյակներում, հետո՝ գործող բանակի մատակարարման բաժնում, ապա նորից վերադարձել քաղաքացիական ծառայության։ Եղել է Գլխավոր շտաբի բաժնի պետ, Շամախու ոստիկանապետ, այնուհետև, հաջորդաբար՝ Թելավի, Տփղիսի և Ախալցխայի գավառապետ։ Երևանի գավառապետ է նշանակվել 1843 թ. դեկտեմբերին և պաշտոնի բերումով նաև դարձել Երևանի գավառական դպրոցի պատվավոր տեսուչ։

3 Իվան Դմիտրևիչ Տուրկեստանով-Թուրքեստանովը 1848 թվա կանին 27֊ամյա երիտասարդ էր, ազգությամբ վրացի, 1841 թ. հոկտեմբերի վերջերին ավարտել էր Տփղիսի գիմնազիան և նոյեմբերից աշխատանքի ընդունվել նույն հաստատությունում, որպես հսկիչ։ Անդրկովկասյան դպրոցների վերատեսչությունը ժամանակ առ ժամանակ նրան գործուղում էր այս կամ այն դպրոց՝ փոխարինելու ուսուցիչներին, Մոսկվա և Պետերբուրգ՝ բարձրագույն դպրոցներ տանելու երկրամասի ուսումնարանների շրջանավարտներին։ Փոխարինելով Աբովյանին՝ Թուրքեստանովը Երևանում մնաց մինչև նոյեմբերի 13-ը և հետո կրկին վերադարձավ իր հիմնական աշխատանքի վայրը՝ Տփղիսի գիմնազիա (մանրամասնությունները տե՛ս ՎՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 424, ց. 1, գ. 189, թ. 76—79)։ Ըստ պաշտոնական ծանուցումների՝ Թուրքեստանովը Տփղիսը թողել էր մարտի 25֊ին («Кавказ», 1848, № 13) և Երևան ժամանել նույն ամսի 30-ին, անհապաղ սկսելով դպրոցական գործերի ընդունումը։ Այս ամսաթիվը հաղորդել է անձամբ ինքը՝ Երևանից, ապրիլի 2֊ին, Անդրկովկասյան դպրոցների վերատեսչի պաշտոնակատար Ի. Վ. Ռոսկովշենկոյին հղած զեկույցում (սևագրությունը պահվում է ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 1726, թ. 34)։ Վերջերս ոմանք փորձում են Թուրքեստանովին ներկայացնել որպես արկածային վեպերին պատշաճող և ինքնությունը խնամքով թաքցրած մի կերպար, էությամբ չար մի մարդ, քրեական ճարպիկ հանցագործ, որն իբրև թե կարողացել է աննկատելիորեն գողանալ Աբովյանին և աքսորի ուղարկել Սիբիր։ Սա փաստերի կոպիտ աղավաղում է և կեղծիք։

4 Աբովյանի անհայտացման հարցը շոշափող այս առաջին և մեծարժեք վավերագիրը, որի սևագրությունը պահվում է վերոհիշյալ գործում (թ. 33), առաջին անգամ, հայերեն թարգմանությամբ (և ոչ բնագրով), հրատարակել է Ա-Դո-ն, Բաքվի «Գործ» ամսագրում (տե՛ս 1917, № 7—8, էջ 60—61), առանց վերջին պարբերության։ Բակունցն արտատպելով այդ թարգմանությունը՝ խմբագրել է միայն սկիզբը և լրացրել վերջը, բայց շտկումներից հետո էլ արդյունքը գոհացուցիչ չէ, այն բնագրի հարազատ փոխադրությունը լինելուց հեռու է։ Կան և բացթողումներ։ Նկատի ունենալով փաստաթղթի կարևորությունը՝ տալիս ենք նոր թարգմանությամբ.