Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանի պարոն գավառապետին

№ 29, 3 ապրիլի 1848, Երևան

Կոլեգիական ասեսոր Աբովյանը, ինչպես հայտնեց նրա կինը, երեկվա օրը, վաղ առավոտյան, հայտնի չէ, թե ուր է մեկնել և մինչև հիմա դեռ տուն չի վերադարձել։ Եվ որովհետև ուսումնարանական բարձր իշխանությունների կարգադրության համաձայն՝ պ. Աբովյանը պարտավոր էր ինչպես Երևանի գավառական ուսումնարանի տեսչի պաշտոնը, նույնպես և առկա գումարները և արքունի գույքը հանձնելու ինձ, բայց նա հասցրեց հանձնել միայն անցած տարիների մի քանի գործեր, ուստի սույն հանգամանքների մասին տեղյակ պահելով Ձերդ բարձր բարեծնությանը՝ պատիվ ունեմ խնդրելու Ձեր համաձայնությունը, որ թույլ տաք ինձ՝ Երևանի ուսումնարանի ուսուցիչների հետ միասին և Ձերդ բարձր բարեծնության աստիճանավորի ներկայությամբ, որին որ հարմար կգտնեք մասնակից դարձնելու այս գործին, սկսել Երևանի ուսումնարանի կանխիկ գումարների, ինչպես նաև արքունի ողջ գույքի ստուգումն ու ընդունումը։

Պատիվ ունեմ սրա հետ միասին խոնարհաբար խնդրել Ձերդ բարձր բարեծնության կարգադրությունը՝ կոլեգիական ասեսոր Աբովյանին որոնելու մասին։

5 Որքան հայտնի է՝ առաջինը Ա-Դո֊ն և ապա՝ Ե. Շահազիզն են գրել, թե Աբովյանի անհայտացման խնդիրը դպրոցական իշխանություններին և Երևանի ոստիկանությանը քիչ է զբաղեցրել. «Անհայտացել էր գավառական դպրոցի տեսուչը, ի՞նչ էր անում ադմինիստրացիան՝ նրան կամ նրա դիակը գտնելու համար, համարյա ոչինչ»,—գրել է Ա-Դո֊ն և հետո՝ խոսեցնելով իբրև թե Աբովյանի տնային ծառա, սպահանցի Ասատուրին (իրականամ այդ անունով ծառա նա չի ունեցել, եղածներից մեկին կոչում էին Բունիաթ Միքայելյան, մյուսին՝ Յոհան Լուց, երրորդին՝ Մատրիոնա, որը մի իննամյա աղջիկ էր, տե՛ս ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 2202, թ. 13 և 14), նույն Ասատուրին է վերագրում այս խոսքերը. «Մենք մնացել էինք զարմացած, իմ աղեն հայտնի մարդ էր քաղաքում, նա ոտով-գլխով կորել էր, բայց պոլիցիան չէր գալիս, չէր հետաքրքրվում, ինձ ու խանումիս չէր նեղում և հարց ու փորձ անում, մի անգամ միայն մի պրիստավ եկավ, մի-երկու բան հարցրեց խանումիցս ու թողեց գնաց» («Գործ», 1917, № 7—8, էջ 61 և 63)։ Ե. Շահազիզի գնահատականն էլ նույն ոգով է. «Նրան գտնելու թույլ փորձեր են արել» («Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի», № 3, 1928, էջ 138)։

6 Այս գրության բնագիրը ներկայումս պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 2202, թ. 63 (մաքրագիր) և գ. 1722, թ. 82 (սևագիր)։ Հայերեն կրճատ թարգմանությունը տե՛ս «Դիվան Խաչատուր Աբովյանի», կազմեց և ծանոթագրեց Ե. Շահազիզ, Երևան, 1940, էջ 177։ Խնդրո առարկա տողերը Բակունցը վերծանել և թարգմանել է բացթողումներով։ Աբովյանն իրականում գրել էր. «Դպրոցական շենքում անցյալ տարի կատարած շինարարական աշխատանքների հենց սկզբից և, առանձնապես, ընթացիկ տարվա վերջին շտկումների ժամանակ, հաճախ արցունքն աչքերիս, ես խնդրել եմ պարոն փոխգնդապետ Տուրչանինովին՝ իրեն ենթակա սպաներից որևէ մեկի միջոցով ցույց տալու ինձ գեթ չնչին օժանդակություն, և ամեն անգամ ստացել նրանից ինձ համար ամենաարհամարհական պատասխան՝ Ձեռք քաշել իրենից և պատասխանատու լինել միայն այն ամենի համար, որ ասել եմ