Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորեալ ի հոր ինչ արմտեաց
Գազանասիրտ յանօրինաց։

(բնագիրը՝ ԳԱԹ, հեղինակի թողոններ, № 2, էջ 142, տողեր 53—56), իսկ այնուհետև՝ գերմմանացի գիտնական, ակադեմիկոս Հերման Աբիխը, որի 1852 թ. հուլիսի 16-ին Երևանից Գերմանիա ուղարկված մի նամակում ասված է․ «Այստեղ այժմ ամեն ոք հավատում է, որ Աբովյանը ո՛չ թե ինքնասպանություն է գործել, այլ սպանվել է թուրքերի ձեռքով» (H. Abich, Aus kaukasischen Landern, В. I, Wien, 1896, S. 547)։

47 Գևորգ Աքիմյանը (որի անունից հուշեր է կազմել Ս. Քամալյանը), ուրիշներից լսելով՝ ինքն էլ ենթադրում է, որ Աբովյանը անհայտ հանգամանքներում ինքնասպանություն է գործել. «Գլուխը մահու է տվել, անհետ անգուման կորել» («Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին», Ե., 1941, էջ 118)։ Այսպիսով՝ հակառակ Բակունցի պնդման, Գ. Աքիմյանի կարծիքը Աբովյանի անհայտ բացակայության առեղծվածը լուծելիս, վճռական նշանակություն չի կարող ունենալ։

48 Պրուսացի տնտեսագետ Լ ժողովրդագետ Աուգուստ ֆոն Հաքստհաուզենի (1792—1866) «Անդրկովկաս» (“Transkaukasia“) աշխատությունը թեպետև, հեղինակի խոստովանությամբ, գրված, ավարտված է եղել 1849 թվականին, սակայն ինչ֊ինչ պատճառներով նախ տպագրվել է անգլերեն թարգմանությամբ (համառոտ տարբերակ, Լոնդոն, 1854, 448 էջ), ապա՝ բնագրով ու երկու գրքով (Լայպցիգ, 1856, մասն I, 340 էջ և ներդիր նկարներ, մասն II, 7+300 էջ և մ ի քարտեզ)։ Ռուսերեն թարգմանությունը (Պետերբուրգ, 1857, մասն 1, 248 էջ, մասն II, 215 էջ), որին հղում է Ա. Բակունցը, առատ է խմբագրական և այլ կարգի կրճատումներով ու վրիպակներով։ Կան նաև Հաքստհաուզենի աշխատության առաջին մասի հայերեն հատվածական թարգմանություններ՝ «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրի էջերում (1862, № 1 և 2, թարգմ. Ե. Բաստամյան) և առանձին գրքով՝ «Բարօն Օգոստոս ֆոն Հակստհաուզենայ ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու, այն է ի Հայս և ի Վիրս» (Վաղարշապատ, 1872, թարգմ․ Ա. Սեդրակյան), ռուսերենից։ Իր հայացքներով՝ Հաքստհաուզենը պահպանողական էր և միապետական, գործակցում էր պրուսական գաղտնի հետախուզությանը։ Ռուս պետական գործիչներին ուղղված մասնավոր նամակներում խորհուրդ էր տալիս՝ սահմանափակել հայ կապիտալի գործունեությունը Կովկասում։ Հաքստհաուզենը Աբովյանի հետ հանդիպումներ է ունեցել 1843 թ. օգոստոսին և սեպտեմբերին, Տփղիսում և Երևանում՝ Աբովյանի անհայտացման մասին նրա ծանոթությունները գրված են 1850 թվականին և որոշակի վարկած չեն պաշտպանում։ Ահա՛ դրանք. «Ցավոք, այս սքանչելի Աբովյանը երկու տարի առաջ անհասկանալի ձևով անհայտացավ, թերևս մեռավ...»․ «Ցավոք, այս սքանչելի մարդն այլևս չկա։ Նա մի օր տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Զուր են անցել բոլոր որոնումները...» (տե՛ս գերմ. հրատ, մասն I, էջ 79 և 305)։

49 Գերմանացի ճանապարհորդ, գրող և թարգմանիչ Ֆրիդրիխ Բոդենշտեդի (1819— 1892) հետ Աբովյանը ծանոթացել է 1844 թ. մարտին Երևանում (և ո՛չ Թիֆլիաում), իսկ հետագայում գրել է նրան մի քանի նամակ՝ ուղարկելով նաև ինքնուրույն ու բանահյուսական երկերի տողացի թարգմանություններ, որոնք Բոդենշտեդը ներմուծել է իր