Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վատ եղանակը և վերելքի օրերին լեռան վրա կատաղիորեն գործող բնության արհավիրքներն էին, իսկ գժտության առիթը կապված էր դեպի Արարատի գագաթ վերելքներ կատարելու հարմար ժամանակի հետ. Աբիխն առաջարկում էր վերելքն սկսել ավելի վաղ, թերևս հուլիսին, իսկ Աբովյանը առարկում էր, որովհետև ինքը և Պարրոտը Արարատի գագաթն էին հասել սեպտեմբերին։ Աբիխը լսում է Աբովյանին և... ձախողում։ Այս է ամբողջ պատմությունը, և այդ վեճի մեջ յուրովի ճիշտ էին և՛ Աբովյանը, և՛ Աբիխը։ Վեճը հարթվում է ինքնաբերաբար, և 1846 —1848 թթ. նրանք նորից դառնում են բարեկամներ։

56 Արիխն ու Պարրոտը միմյանց չէին ճանաչում, որովհետև, երբ Աբիխը ընտրվում է Դորպատի համալսարանի պրոֆեսոր (1842 թ. ապրիլ), Պարրոտն արդեն վախճանված էր (1841 թ. հունվարի 3)։ Նույն պատճառով՝ Աբովյանը ևս չէր կարող Աբիխին ճանաչել դեռ Դորպատից։ Առաջին անգամ նրանք հանդիպել են Թիֆլիսում, 1844 թ. ապրիլի կեսերի։

57 Այս ենթադրության անհավանական լինելու մասին տե՛ս վերևում, ծան. 55։

58 Բակունցին անծանոթ է մնացել մի սկզբնաղբյուր. Աբովյանի կորստյան իրողությունը «հայ տարեգրությանս մեջ առաջին անգամ արձանագրվել է 1853 թ. (ավելի ճիշտ՝ 1852 թ., որովհետև գիրքն այդ տարվա նոյեմբերի 16֊ին է թույլատրվել տպագրության)։ Ստեփանոս Նազարյանցի «Առաջին հոգեղեն կերակուր հայազգի երեխաների համար» դասագրքում, Դորպատ քաղաքի հիշատակության առիթով․ «Այս քաղաքում էր յուր կրթությունը ստացել Խաչատուր Ապովյան՝ երևելի հայկազունը, որ ափսո՜ս, շուտով թառամեցավ յուր ազգի համար» (էջ 42), իսկ առաջին անգամ վկայակոչվել է Լեոյի «Ստեփանոս Նազարյան» աշխատության մեջ (հ. 1, Տփղիս, 1902, էջ 203)։

59 Հղումը մոտավոր է, Բակունցը նկատի ունի Ս․ Նազարյանցի ընդարձակ ծանոթություն֊հուշը Խ. Աբովյանի մասին, որ կցված է Մ. Նալբանդյանի «Գևորգ Գեղամյան» հոդվածին։ Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, № 2, էջ 144—146։ Արտագրության մեջ կան մանր անճշտություններ, որ ուղղել ենք։

60 Աբովյանի՝ Հ. Շահխաթունյանին ուղղված այս նամակի հատվածը, որ թարգմանված է գրաբար բնագրից, առաջին անգամ հրատարակել է Աղ. Երիցյանցը («Արձագանք», 1896, № 102)։ Ամսաթիվը սխալ է մատնանշված, որովհետև այդ նամակն իրականում գրված է հունիսի 6֊ին, և Աբովյանն էլ ասել է. «Ուր տեղափոխ լինիլ կամի և միանալ ընդ իս մերս Ս. Նազարեանց առ նպատակ ազգաօգուտ»։ Բակունցը բաց է թողել ընդգծված բառերը։

61 Աբովյանի և իր վանական ու դպրոցական ընկերների՝ Մ. Կյումուշխանեցու, Հ. Շահխաթունյանի, Մ. Մսերյանցի, Ա. Արարատյանի և մյուսների ծրագրած ընկերության գաղափարը (այն իր գործունեության ոլորտներով նմանվելու էր Վենետիկի Մխիթարյան միաբանությանը և գործելու էր Հայաստանի վանքերից մեկում․ նախապատվելին Սևանա կղզին էր։ Սակայն հետագայում, երբ Մ. Սալլանթյանցը հարեց նրանց, որոնեցին-գտան նոր վայր՝ Ղրիմի հայոց սուրբ Խաչ վանքը), հղացել է ո՛չ թե 1825 թ., այլ