Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարել, և այսպիսով, ուրեմն, գրազը տարված է։ Առաջուց էլ պարզ էր, հայտնի էր...»։ Նամակում այնուհետև շոշափվում է Աբովյանի աշակերտ և Աբիխի թարգման Պետրոս Շարոյանին Դորպատի համալսարան ուղարկելու հարցը, նաև խնդրանք Աբովյանին՝ հասցնելու 1847/8 թ. ձմռանը կատարած դիտողությունները Երևանի եղանակի վերաբերյալ (նամակի հայ. թարգմ. տե՛ս «Դիվան Խաչատուր Աբովյանի», հ. 11 էջ (186-187)։ Բակունցին անծանոթ է մնացել այս վավերագիրը, այլապես այնպես եռանդով չէր խոսի Աբովյանի ու Բլավատսկու թշնամության մասին և նամակն էլ չէր կապի 1848 թ. Արևմտյան Եվրոպայում բռնկված հեղափոխական շարժումների հետ, մանավանդ որ այդպիսի լուր հաղորդող մի նամակ, այն տարիներին, Գերմանիայից Երևան կարող էր հասնել 3-4 ամսից ոչ շուտ ու այն էլ ռուսական սահմանային ուղեկալներում և մաքսատներում կարդալուց ու թույլատրելուց հետո միայն։

126 Մ. Վագների «Ուղևորություն դեպի Արարատ և հայկական բարձրավանդակ» գրքի գերմաներեն հրատարակության առաջաբանում մենք չկարողացանք գտնել որևէ տող կամ արտահայտություն, որը վերաբերեր ֆրանսիական հեղափոխությանը կամ շոշափեր վերջինիս պարտության պատճառները և մոտ լիներ Աբովյանի աշխարհայացքին։ Ի՞նչ գիրք է ձեռքի տակ ունեցել Բակունցը, կամ ի՞նչ աղբյուրի հիման վրա է այսպիսի կարծիք հայտնել, մնում է հանելուկ։

127 Այս և հաջորդ էջերում հիշատակված դեպքերը բոլորն էլ կատարվել են 1848 թ. ապրիլի 2-ից, այսինքն՝ Աբովյանի անհայտացումից հետո, որևէ ձևով չե՛ն առնչվում նրան, Աբովյանին որևէ բանի չեն դրդել, առհասարակ, չե՛ն կարող օգնել նրա մահվան առեղծվածը պարզելուն։

128 Հայկական լեռնաշխարհի գյուղերում կտուրների վրա կրակ վառելու իմաստը գաղտնի ազդանշան տալն էր։ Խոսքն այդ մասին է և ո՛չ թե սահմանամերձ գյուղերում ճրագ վառելն առհասարակ արգելելուն։

129 Որ Աբովյանի հանդեպ Բլավատսկու տածած թշնամանքի մասին ենթադրությունը, այն էլ 1848 թ., իրական հիմք չուներ, տե՛ս ծան. 8 և 125։

130 Բակունցն արդարացի չէր, երբ կարծում էր, որ Տաճկաստան տանող միակ ճանապարհը անցնում էր Զանգիբասարով, ավելի ճիշտ՝ Խոր Վիրապի մոտերքով։ Այդտեղից նախ՝ գնում էին Պարսկաստան և ո՛չ թե Թուրքիա, և հետո՝ վերջինիս ճանապարհն անցնում էր Ալեքսանդրապոլի ու Կարսի վրայով։

131 Պաշտոնական հաղորդումներում և կնոջ գրավոր բացատրականում ո՛չ մի խոսք չկա, որ Աբովյանն անհայտանալուց առաջ, մոտ երեք օր, սենյակից դուրս չի եկել, շարունակ գրել է ու ծխել իր երկար չիբուխը։ Սա Բակունցի մասնավոր ենթադրությունն է:

132 Չփաստարկված և անհավանական ենթադրություն, որովհետև Աբովյանի անհայտանալուդ հետո ոչ ոք նրա տունը չի խուզարկել։

133 Աբովյանը դպրոցական բարձր իշխանություններին Բլավատսկու մասին գանգատներ է արել 1845 թ. նոյեմբերի 24-ին և 1846 թ. նոյեմբերի 16-ին, իսկ 1847 թ.