Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշ կրճատումներով, արտատպվել է` Ա. Բակունց, Գրականության մասին, էջ 54 — 95: —«Երկերի ժողովածու երկու հատորով», հ. II, 561 — 569։ Սույն հրատարակության բնագիրը պատրաստված է ըստ 1934 թ. տպագրության։ Կատարված են մի քանի աննշան շտկումներ, ինչպես օրինակ' «Ուկրայնա» դարձված է Ուկրաինա, «Յասմավուրքքը»—«Յայսմաւուրքը» և այլն։

Ն. Գոգոլի «Տարաս Բուլբայի» թարգմանությունը և թարգմանչի առաջաբանը ժամանակին բարձր գնահատվեցին, թեև եղան նաև խիստ, բացասական անդրադարձումներ (տե՛ս, օրինակ, Ս. Կիրակոսյանի «Գոգոլի «Տարաս Բողբան» և Ա. Բակունցի նացիոնալիստական-հակահեղափոխական կոնցեպցիան» հոդվածը։ — «Գրական սերունդ», 1936, № 5—6)։

1 Ավելի վաղ «Տարաս Բուլբան» հայերեն է թարգմանել Մ. Աբեղյանը (տպագրվել է՝ Թիֆլիս, 1892, 181 էջ)։

2 Ցարգրադ—այսպես Ռուսաստանում առաջ կոչվում էր Կոստանդնուպոլիսը։

3 Սոբակևիչի, Նոզդրևի, Մանիլովի...—Գոգոլի «Մեռած հոգիներ» երկի հերոսներն են։

4 Նիկոլայ I —իշխել է 1825—1855 թթ.։

5 Սլավյանաֆիլների խմբակ—XIX դարի 40—50-ական թթ. ռուս հասարակական մտքի պահպանողական հոսանքներից մեկի ներկայացուցիչներ, որոնք Ռուսաստանին զարգացման հատուկ ուղի էին վերագրում՝ կապված սլավոնների ինչ֊ինչ առանձնահատկությունների հետ։

6 Չէր խլրտում մարդկային որևէ առաքինություն... Մ. Նալբանդյանի արտահայտությունն է՝ փոքր-ինչ խմբագրված և քաղված «Մեռելահարցուկ» վեպի՝ «Վերք Հայաստանիի» բնութագրմանը նվիրված ծանոթագրությունից (տե՛ս Մ. Նալբանդյան, Երկերի լիակատար Ժողովածու վեց հատորով, հ. I, Ե., 1979, էջ 311)։ Նալբանդյանն օգտագործել է «խլրտում է առաքինությունը» ոճը (խմբ.) :

7 Զապորոժյան Սեչը— այսպես է կոչվել XVI—XVIII դդ. կազակների հիմնած ինքնավար ռազմական կազմակերպությունը, որ գտնվում էր Դնեպր գետի սահանքներից ներքև (Ուկրաինա)՝ Խորտիցա կղզում։ Պատերազմում էր Թուրքիայի, Ղրիմի խանության և Լեհաստանի դեմ՝ պահպանելով Ուկրաինայի անկախությունը։

8 Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիք»-ի տեսարանը—նկատի ունի Քրիստոսի երեկոյան ընթրիքը Երուսաղեմում, իր տասներկու աշակերտների հետ՝ Զատկի տոնի առթիվ, մատնվելուց առաջ (Մատթ. ԳԼ. 26, Մարկ. 14, Ղուկ, 22, Հովհ․ 13)։

9 Որքան են իրար նման «Տարաս Բուլբան» և ... Եղիշեի «Վասն պատերազմին Վարդանանց» պատմությունը, և սխա՞լ կլիներ արդյոք ենթադրել, որ վերջինս ևս սոսկ գրական գործ է, որի հեղինակն առավել կամ պակաս չափով օգտվել է յուր ժամանակի գուսանական երգերից—Իրականում Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկը պատմական երկ է և վավերական աղբյուր, պարզապես հեղինակի ոգևորությունը պատճառ է դարձել, որ նրա խոսքը հաճախ բանաստեղծական երանգ ստանա։