Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշատակությունը Բակունցի ճառում երկմտանքի տեղիք է տալիս։ Այդ չի՞ նշանակում արդյոք, որ «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը»» խորագրով աշխատության լույս ընծայումից (1932 թ.) և խիստ քննադատության ենթարկվելուց հետո (1933—1934 թթ․, տե՛ս այդ երկին մեր կցած ծանոթությունները սույն հատորում), երբ Բակունցը շարունակում էր եռանդով աշխատել Աբովյանին նվիրված պատմավեպի վրա ու մի քանի գլուխ էլ արդեն հրատարակել էր, 1934 թվականից սկսած՝ աստիճանաբար հակվում էր «աքսորի» վարկածին։ Դա թեև խիստ գայթակղիչ էր ու գեղարվեստական մշակման առումով էլ ավելի հեշտ, սակայն էությամբ՝ անճիշտ էր, հակասում էր առկա փաստերին։

4 Ջավախիշվիլի—վրաց սովետական գրող, հայտնի «Մարաբդեցի Արսենը» պատմավեպի հեղինակ Միխայիլ Սավիչ Ջավախիշվիլու (1830—1937) մասին է խոսքը։

5 Ա. Բակունցը նկատի ունի Վ. Ի. Լենինի «Քննադատական դիտողություններ ազգային հարցի վերաբերյալ» աշխատության հետևյալ խոսքերը. «Յուրաքանչյուր ազգային կուլտուրայից մենք վերցնում ենք միմիայն նրա դեմոկրատական և սոցիալիստական տարրերը, վերցնում ենք այդ միմիայն և անպայման հակադրելով բուրժուական կուլտուրային, յուրաքանչյուր ազգության բուրժուական նացիոնալիզմին» (В. И. Ленин, О литературе и искусстве, М., 1957, с. 95)։

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԱԿՆԱՐԿՆԵՐ

Ակսել Բակունցի, որպես խոր ու բազմակողմանի գիտելիքների տեր և գործնական աշխատանքի մեծ փորձ ունեցող գիտնական-գյուղատնտեսի, Սովետական Հայաստանի գյուղացիության աշխատանքային գործունեության անզուգական կազմակերպչի, հանրության տնտեսական ու մշակութային կյանքի վերելքին անշահախնդրորեն նվիրված մարդու, օգտաշահ գործունեության վկայություններից են այս բաժնում ամփոփված նրա հրապարակախոսական էջերը և գյուղատնտեսության բազմազան խնդիրներին նվիրված հոդվածները, որոնք մինչև այժմ, ցավոք, ամբողջությամբ չեն հավաքվել, հետազոտվել և վերահրատարակվել, և սույնն, այդ առումով՝ առաջին փորձն է։

Այդ հոդվածներն անմիջական արձագանքներն են օրվա հրատապ խնդիրների և իրենց վրա ունեն այն ժամանակների խոր կնիքը՝ հավատքի, խանդավառության, նվիրումի, իսկ երբեմն էլ շտապողականության ու մոլորության երանգներով։

Նրանք տպագրվել են ինչպես նախասովետական, այնպես էլ ետհոկտեմբերյան հայ մամուլի էջերում և ստորագրված են հեղինակի գրական անունով ու վերջինիս տարաձևերով՝ Ա. Բակունց, Բակունց Աղ., Ակսել, Ալ. Բակ., ու նաև ծածկանուններով՝ Ա., Ա. Բ․, Ա. Ս., Ա. Ստեփանյան, Ալ. Սսւեփանյան, Բ., «Թեզ գնացող»: Համանուն ստորագրություններով, երբեմն միաժամանակ և նույն պարբերականներում, հանդես են եկել նաև ուրիշներ, որպիսի իրողությունն առանձին դեպքերում մեծապես դժվարացնում է անձամբ Ակսել Բակունցին պատկանող հոդվածները, մատենախոսականներն ու ելույթները մյուսներից տարանջատելը, կամ էլ այդ ծածկանունով հանդես եկած մյուս անձանց ո՞վ