Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՓՈՔՐԻԿ ՖԵԼԻԵՏՈՆ

(էջ 137)

Տպագրվել է՝ «Փայլակ», 1915, № 40, հուլիսի 26, էջ 3, Թեզ գնացող ծածկանունով։ Ավելի ուշ, արտատպվել՝ «Գրական թերթ», 1967, № 36, Գ. Ղուկասյանի, «Ալեքսանդր Բակունցի անհայտ ֆելիետոնը» հոդվածին կից։

Արտատպվում է «Փայլակ» շաբաթաթերթից։

1915 թ. ամառը Գևորգյան ճեմարանի սան Ա. Բակունցը գալիս է հայրենի քաղաք՝ Գորիս, արձակուրդներն անցկացնելու հարազատների ու մանկության ընկերների շրջանում, և եռանդով նվիրվում հանրային գործունեության. քննադատում է մասնավորապես Գորիսի քաղաքագլուխ Մաթևոս Տեր-Գրիգորյանին ու նրա համախոհներին։ Նույն ժամանակ տարածում են անստորագիր թռուցիկներ քաղաքագլխի ու նրա աշխատակիցների դեմ, որոնք սույն ֆելիետոնը տպագրվելուց հետո, իմանալով հեղինակի ով լինելը և թռուցիկների առիթն օգտագործելով՝ բանտարկել են տալիս Բակունցին: Սկսվում է շարժում Բակունցին ազատելու համար:

Իմանալով այս մասին՝ «Փայլակ» թերթը «Ալեքսանդր Բակունցի գործը» խորագրով հոդվածում (№ 46, օգոստոսի 16) պաշտպանության տակ է առնում իր թղթակցին, նրա բանտարկությունը համարելով ապօրինի։ Թերթը նշում է, որ «հիշյալ ֆելիետոնը նախքան տպագրության տալը կարդացվել էր խմբագրության մեջ երկու իրավաբանների ներկայությամբ և համարվել էր միանգամայն ազատ որևէ մեղադրական կետերից: Հիրավի, ո՞ւր կհասներ, եթե անմեղ հումորն անգամ հալածվեր օրինական կարգով...»։

Այնուհետև «Փայլակ» թերթը նույն խմբագրականում մեջ է բերել Բաքվի «Արև» լրագրի № 120-ում տպագրված թղթակցությունն ամբողջությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Զարմանալի է մեր իրականությունը, դատի են կանչում անգամ ֆելիետոնի համար և մեղադրանքի հիմքը՝ ենթադրությունն է։

Մի քանի օր առաջ ձեռագիր թռուցիկներ են կպցրվել Գորիսի պատերին՝ քաղաքագլուխ Մ. Տեր-Գրիգորյանի դեմ, և պ. Տեր-Գրիգորյանը, չգիտեմ ի՞նչ հիմնավորումով, ձերբակալելով՝ բանտ է նստեցնում ճեմարանի աշակերտ Ալեքսանդր Բակունցին: Ձեռագիրը համեմատելու համար քննություն են նշանակում, որին մասնակցում են միայն մեղադրողի կողմից մի քանի հոգի, որի պատճառով տեղիս երիտասարդությունն իրավացիորեն հուզված էր Պ. քաղաքագլուխը հասարակական հիմնարկություններում հայհոյանքով է արտահայտվում այդ երիտասարդության մասին, որը ներկա դեպքում ոչ այնքան քաղաքագլխի դեմ է գործում, որքան ճշմարտության պաշտպան է հանդիսանում...

Որոշ դեպքերում ուժի կարողությունից օգտվելը հանցանք է. այդ պետք է զգա հարգելի քաղաքագլուխը մի աշակերտի դեմ»։