Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռ, թե՞ մեռած է: Ոմանք կը կարծեն, թե Սիպերիա քշված է պատճառով մը կամ խոր վիրապի մը մեջ կը պահվի։ Այս վերջին ենթադքությունները մեզ անհիմն կ’երևին, վասնզի պ. Աբովյանը, որչափ և վառվռուն երևակայություն ու մեծ հայրենասիրություն ունենար, իր պարտքը չէր մոռանար և գիտեր իր եռանդը զսպել։ Անտարակույս, վատ թշնամություն մը կրնա մատնություն ընել, բայց անոր հավտալու համար կարծիք մը չբավեր։

Այս տրտում դեպքը մեզի պատմողը դժբախտ հեղինակին աշակերտներեն մեկն է և չկրնար Աբովյանի անունը հիշել առանց ափսոսելու թե՛ անոր ճակատագրին և թե՛ մեր ազգին վրա, որ հազվագյուտ տաղանդ մը կորուս անմեկնելի կերպով»[1]։

Այնուամենայնիվ, չհաղթահարելով Աբովյանի առեղծվածային անհայտացումը պարզելու գայթակղությունը, Ստ. Ոսկանը հիշեցնում է «Վերք Հայաստանի» հառաջաբանի ծանոթ հատվածը՝ Քռի ափին հուսաբեկ զբոսնելու մասին և երեք օրով տուն չդառնալու դեպքը, և եզրակացնում է, չգիտնալով որ Աբովյանը Երևանից է անհայտացել։

«Այս տողերեն հայտնի կտեսնվի, որ պ. Աբովյանը սովորություն ուներ տրտում և հուսաբեկ շրջիլ լեռե֊լեռ և հովիտե֊հովիտ՝ իր տխրությունը փարատելու համար: Սովորություն ուներ նաև երբեմն երթալ Կուր գետին մեջ լողալ. ուստի հավանական է, որ կա՛մ դիտմամբ, կամ ուզելով, հոն ընկած և անհետ եղած ըլլա»։

Ստ. Ոսկանի տեղեկությունների մեջ հետաքրքիր է այն, որ Աբովյանին փնտրել են նրա բարեկամները և աշակերտները։ Մենք արդեն տեսանք, որ շատերն են «չալիշ» եկել նրան գտնելու, և «շատ մարդ նրան քոմակ ունի», այնպես որ միակողմանի է այն կարծիքը, ըստ որի, առհասարակ, ժամանակին հետախուզում չի եղել։ Եվ եթե հետախուզողները գտել են միայն մի սապոգ Խորվիրապի մոտ, այդ, համենայն դեպս, խոսում է ո՛չ հօգուտ նրա ֆիզիկական ոչնչացման վերսիայի՝ Երևանում կամ շրջակայքում, այլ, ավելի շուտ, քաղաքից կենդանի և գիտակցաբար հեռանալուն, «վաղ առավոտյան, ինչպես հաղորդել է նրա ամուսինը»[2]:

Առաջին անգամ արևմտահայ մամուլն է հիշատակում Սիբիր աքսորելու կամ «սև կառեթի» վերսիան։ Կարելի է ենթադրել, որ Ստ. Նազարյանը ևս լսել է այդ կասկածը, սակայն անհավանական համարելով և, միաժամանակ, ցենզուրից երկյուղ կրելով իր «հիշատակարանում»

  1. 66
  2. 67