Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գյուղատնտեսական տեսակետից անբարենպաստ շրջանում (ցանկություն էր հայտնվել նաև հիմնել Ռուսաստանի բերքառատ և հեռանկարային շրջաններից մեկում):

Խոտորջուրի կոմունան հիմնադրվեց ներկայիս Հրազդանի շրջանում: Կոմունայի վարչության առաջին նախագահը եղել է Արտաշես Գևորգյանը, իսկ 1926 թ. մինչև վերջ՝ նրա եղբայրը՝ 1918 թ. կուսակցության անդամ Թորգոմ Գևորգյանը: Հայրենանվեր գաղափարին զինվորագրված կոմունարների անդուլ աշխատանքը տալիս է իր դրական արդյունքները, և կոմունան դառնում է բարձր ապրանքային և օրինակելի տնտեսություն: Բացի իր անդամների համար կենսական բարենպաստ պայմաններ ստեղծելուց, կոմունան օգնել է նաև նյութական նեղ պայմանների մեջ գտնվող հայ գրողներին՝ Վ. Թոթովենցին, Ն. Զարյանին, Ե. Չարենցին, Ա. Բակունցին, որոնք միշտ էլ սպասված հյուրեր են եղել կոմունայում։ Ոչ միայն կոմունարների, այլև շրջակա գյուղերի հայ, ադրբեջանցի և հույն բնակիչների կողմից հատկապես սիրված է եղել Ա. Բակունցը։ Նրանց հիշողության մեջ մինչև այսօր էլ գրողը մնացել է իբրև արտակարգ հմայիչ և բարեսիրտ անձնավորություն։ Կոմունայում հյուրընկալվելիս, նա առանձնապես սիրում էր պառկել մի աղբյուրի մոտ և մտորել։ Այդ պատճառով էլ այդ աղբյուրը կոմունարները կոչել են «Բակունցի աղբյուր»» Այն պահպանվել է մինչև օրս էլ։

Հայաստանի առաջին օրինակելի և ցուցադրական կոլտնտեսություններից մեկը՝ Խոտորջուրի «Կարմիր հովիտ» կոմունան, գոյություն ունեցավ մինչև 1951 թ., երբ այն մի քանի այլ տնտեսությունների հետ վերամիավորվեց մեկ սովետական տնտեսության մեջ, Թաքյառլու կենտրոնով, ուր և տեղափոխվեցին բնակության խոտորջուրցիները: Կոմունայի նախկին տեղն այժմ անբնակ է, մնացել են միայն մի քանի կիսականգուն գոմեր:

1 Ներքին Ախտայի շրջան — ներկայիս Հրազդանի շրջանը։

2 Խոսքը նախկին Ղորուխ-Գյունեյ ադրբեջանական գյուղի մասին է։

3 Դանիական գոմ — երկհարկանի շինություն, որի առաջին հարկում պահում էին խոշոր եղջյուրավոր, իսկ երկրորդում՝ մանր եղջյուրավոր անասուններին։

4 Կոմունան կառավարության կողմից գնահատվել է ըստ արժանվույն և միջկոլտնտեսային մրցություններում գրավել առաջնակարգ տեղեր: Այսպես՝ Անդրկովկասում այն շահել է առաջին տեղը, 1926 թ, տեղական գյուղատնտեսական ցուցահանդեսում ստացել է գովասանական թերթ և դրամական պարգև, իսկ 1928 թ. Մոսկվայում տեղի ունեցած կոլտնտեսությունների համամիութենական մրցանակաբաշխությունում շահել է երկրորդ մրցանակը և հազար ռուբլի դրամական պարգև։

5 Կոմունայի ներքին կազմակերպվածության և բարձր ցուցանիշների մասին մամուլում շատ է գրվել: Հիշենք մի քանիսը. Վ. Թոթովենց, Դեպի կոմունա (տպավորություններ Խոտորջուրյան կոմունայից) (ԽՀ, 1927, հուլիսի 6, № 154), Ն. Զարյան, Կոմունիստական ամիոբան լեռների գրկում (ԽՀ, 1927, հուլիսի 13, № 159), Գ. Ազիզյան, Խոտորջուրյան կոմունան (Մճկ, 1927, օգոստոսի 21, № 66), Արա. Օնանջանյան, Խոտորջուրյան կոմունան (Մճկ, 1927, <հոկտեմրերի 31>, № 86), Նազարյան, Առանց հաշվապահության չկա լավ կոմունա (Մճկ, 1928, մայիսի 27, № 43), Б. Феодоров, Хоторджурская коммуна, („Заря востока“, 1927, 17 мая. № 1477) և այլն:

6 Նոր Միխայլովկա — ներկայիս Հրազդանի շրջանի Հանքավան գյուղը։