Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿՆԵՐ, ԽՆԴՐԱԳՐԵՐ, ԸՆԾԱՅԱԳՐԵՐ

Բակունցի նամականին, համարյա ամբողջությամբ, աննպաստ հանգամանքների զոհ է դարձել: Երբ հեղինակը բռնի հրաժեշտ տվեց այս աշխարհին, դեռևս այն տարիքին չէր հառել, որ մտածեր այլևայլ անձանց գրած ու հղած իր նամակները հավաքել, իսկ հասցեատերերն էլ, իրենցից անկախ պատճառներով աշխատել են լուռ ու ծածուկ «ազատվել» արդեն իրեղեն ապացույցներից։ Ներկա հատորի սույն բաժնում հրատարակվող էջերն, այսպիսով, պատահմամբ փրկված բեկորներ են, որոնք հավաքված են զանազան արխիվային հավաքածուներից ու մասնավորներից։ Նրանց հրապարակումը թերևս խթան ծառայի առաջիկայում ամբողջացնելու Բակունցի գրած ու ստացած նամակների պահպանված մասը: Ասում են, որ հայտնի գյուղատնտես, ակադեմիկոս Միքայել Թումանյանի ժառանգների մոտ պահվում են Ա. Բակունցի՝ նրան գրած մի քանի նամակներ։ Լսել ենք, որ այդպիսիք կան նաև Ա. Բակունցի Գորիսի թանգարանում: Սակայն մեր հարցումներն ու որոնումները որևէ արդյունքի չհանգեցրին։ Անհավանական չէ նաև, որ Բակունցը նամակային կապ է ունեցել հայ և ռուս մի շարք գրողների հետ, բայց այդ ուղղությամբ կատարված որոնումները նույնպես ապարդյուն անցան։

Նախախորհրդային տարիներին Թիֆլիսում լույս տեսնող «Համբավաբեր» շաբաթաթերթի 1916 թ. հուլիսի 21-ի № 31-ի «Փոստ-արկղ» բաժնում (էջ 990) կա Բակունցին ուղղված մի ուշագրավ պատասխան. «Գորիս, Բագունց Աղ-ին.—թարգմանությունները առհասարակ չենք տպագրում։ Դասական հեղինակների գրվածքների հաջող թարգմանությունները կարող էին բացառություն կազմել, եթե միայն ապահով լինեինք, թե արդեն թարգմանված և տարածված չեն եղել։ Այս հանգամանքը մեզ ստիպում է ձեռնպահ մնալ ձեր Գ. Մոպասանի «Խելագարի» թարգմանությունը հրատարակելուց»։ Սրանից ենթադրում ենք, որ 1916 թ. հունիս-հուլիս ամիսներին Բակունցն այդ պարբերականի խմբագրությանն է դիմել հատուկ նամակով՝ խնդրելով առաջիկա համարներից մեկում տեղ տալու իր թարգմանած Մոպասանի պատմվածքին։ Բայց նամակը, թերևս նաև պատմվածքի ձեռագիրը, կորել կամ ոչնչացել են խմբագրության արխիվի հետ միասին: Անշուշտ, նման բնույթի ուրիշ նամակներ էլ է գրել Բակունցը, երբ Գորիսում աշխատելու տարիներին իր պատմվածքներն ու ակնարկներն ուղարկում էր Երևանում լույս տեսնող թերթերի ու ամսագրերի խմբագրություններին, կամ այդ առթիվ հանձնարարություններ էր տալիս Երևանի իր ընկերներին ու բարեկամներին։ Ցայժմ չեն հայտնաբերված ու հրատարակված Բակունցի այդօրինակ նամակները ևս։ Վերջապես՝ ինչպես էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնպես էլ Թիֆլիսում և Խարկովում ուսանելու տարիներին Բակունցը տարբեր առիթներով նամակներ է գրել Գորիսում և այլուր ապրող իր հարազատներին ու ընկերներին։ Չէր կարող պատահել, որ այդ ամենն անվերադարձ կորած կամ ոչնչացված լիներ։ Միայն տևական ու լայն ծավալի որոնումները կարող են պարզության մտցնել այս խնդրում և մոտավոր ճշտությամբ հաշվառման ենթարկել Բակունցի գրած նամակներն ու հասցեատերերին։ Դրանց արդյունքները, սակայն, կարող են տեղ գտնել Բակունցի երկերի հետագա հրատարակություններում։ Այս նույնը հավասարապես վերաբերում է Բակունցի ընծայագրերին, որոնց համբերատար որոնումով պետք է առաջիկայում զբաղվեն նրա կյանքի և գրական ժառանգության ուսումնասիրողները։