Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3-ին գրած՝ «1934 թվի գրական հունձը Խորհրդային Հայաստանում» հողվածում, որը տպագրվել է Փարիզի «ՀՕԿ» ամսագրի 1934 թ. № 11-ում։ Բակունցն այն կարող էր կարդալ 1934 թ. դեկտեմբերի վերջերին կամ 1935-ի սկզբներին։ Հետևաբար՝ Ռ. Իսրայելյանին ուղղված նամակը դրանից վաղ չէր կարող գրված լինել։

1 Սովետահայ ականավոր արվեստագետ, ՍՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը (1908—1973) սույն նամակի գրության ժամանակ ուսանում էր Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ասպիրանտուրայում։

2 Իսահակյանն իր հոդվածում «Սև ցելերի սերմնացանը» ժողովածվի մասին ասել է. «...այնքան թարմ են և ինքնուրույն և զգացված ամեն մի պատկերն ու արտահայտությունը։ Զեղուն, խորունկ լիրիզմով տոգորված են նրա պատմվածքները, առանց ոտքի տակից կորցնելու իրականությունը։ Եվ նրանց վրա ծփում է բնության մեծ Պանի հզոր շունչը... Հզոր է Ակսելի մեջ բնապաշտական (պանթեիստական) զգացությունը, նա ապրում է, զգում է հողը, տարերքը, եղբայրական մի բարությամբ համակված է դեպի բույսերը, թռչունները, կենդանիները... Այս ժողովածուի մեջ կան շա՜տ մեծ վարպետությամբ ստեղծված պատմվածքներ ...Այնպե՜ս նուրբ են հյուսված այս պատմվածքները, մանավանդ «Միրհավը», «Բրուտի տղան», այնպես նուրբ, կարծես հեքիաթ են, կարծես երազ ես տեսնում. այնպես կախարդորեն հալվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա և իրական, ներկան դառնում է երազ, սուտ, անդրաշխարհային» (Ավ. Իսահակյան, Երկերի ժողովածու վեց հատորով, հ. 5, Ե., 1977, էջ 140)։

13. Ա. Պ. ՌՅԱԲԻՆԻՆԱՅԻՆ

Պահվում է Մոսկվայի Գրականության և արվեստի պետական կենտրոնական արխիվում, Գոսլիտիզդատի գործերում։ Աոաջին անգամ մեջ է բերված Լ. Մկրտչյանի «Նյութեր հայ գրողների մասին» հրապարակում-հոդվածում՝ «Գրական թերթ», 1963, հուլիսի 26, № 30, որտեղից և արտատպվում է։

Ըստ սույն հրապարակման՝ Ա. Բակունցի նոր վեպը (ենթադրվել է «Խաչատուր Աբովյանը», բայց հնարավոր է նաև «Կարմրաքարը») մտած է եղել Գոսլիտիզդատի 1935 թ, հրատարակչական պլանի մեջ, սակայն հեղինակը չի կարողացել ավարտել այն և 1935 թ, սկզբներին նամակով դիմել է Գոսլիտիզդատի ՍՍՀՄ ժողովուրդների ստեղծագործությունների խմբագրության վարիչ Ալեքսանդրա Պետրովնա Ռյաբինինային (1897-1979)՝ խնդրելով վեպը փոխադրել 1936 թ. պլանի մեջ, իսկ փոխարենը տպագրել իր նովելների ժողովածուն։ Այդ կապակցությամբ հրատարակչության աշխատակից Վ. Գոլցևը 1935 թ. մարտ 16-ին Բակունցին է ուղղել հետևյալ նամակը. «Շատ հարգելի ընկ. Բակունց.

ՍՍՌՄ ժողովուրդների ստեղծագործությունների խմբագրության վարիչ ընկ. Ռյաբինինան ինձ ծանոթացրել է Ձեր նամակի բովանդակությանը։ Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ ավելի հետաքրքիր կլիներ Ձեր նոր վեպի հրատարակումը Գոսլիտիզդատի կողմից: Բայց քանի որ այն դեռ պատրաստ չէ, ապա, կարծում ենք, պետք է ընդունել Ձեր նովելները հրատարակելու մասին Ձեր առաջարկը։