Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. Նույն գրքի այլ օրինակ, էջ 1։

Գրված է մանուշակագույն թանաքով, առաջին էջի վերին (աջ) մասում, մասամբ խունացած:

Պահվում է Պ. Հակոբյանի գրադարանում, ձեռք է բերված հին գրքեր վաճառողներից, 1954 թվականի ամառը։

3. Նույն գրքի այլ օրինակ, էջ 1.

Գրված է սև թանաքով, գրքի առաջին էջի վերին (աջ) մասում։

Պահվում է ՀՍՍՀ Ալ. Մյասնիկյանի անվան պետական գրադարանում, № 891.99.092 (Բ-22, Ի), Բ-22։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Այս բաժնում հավաքված նյութերը, չնչին բացառությամբ, առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ, քաղված են Սովետական Հայաստանի արխիվային հաստատությունների տարբեր հավաքածուներից և վերաբերում են Ա. Բակունցի 1920-ական թվականներին ծավալած կազմակերպչական աշխատանքներին ու գործունեությանը Զանգեզուրի գավառի հողբաժնում, ՀՍՍՀ հողժողկոմատի տարբեր գերատեսչություններում և գյուղհրատում: Պահպանվել և մեզ են հասել Գորիսում և Երևանում (մասամբ և այլուր) Բակունցի շարադրած պաշտոնական գրությունների, շրջաբերականների, հաշվետվությունների ու զեկուցագրերի ինքնագիր բնագրերը (առանձին դեպքերում էլ սեփական ձեռքով արտագրած պատճենները և վերանայած մեքենագիր օրինակները), բոլորն էլ պարզ ու հստակ ձեռագրով և ընտիր գրչությամբ։ Այս ամենն էլ հնարավորություն են տվել բնագրերը տպագրության պատրաստելու ըստ հեղինակային ինքնագրերի։ Որպես կանոն՝ Բակունցն այդ գրությունները թվագրելիս համառոտակի նշել է լոկ ամսաթիվը, ամիսը և տարվա վերջին երկու թվերը, առաջինի և վերջինի համար գործածելով արաբական, իսկ միջինի համար՝ հռոմեական թվանշաններ (օր.՝ 24. XI. 25), և ւոեղադրել գրության վերջում (վարի ձախ մասում)։ Բնագրերը տպագրության պատրաստելիս թվագրման այդ եղանակն ամենուր պահպանված է։ Քիչ չեն սակայն գրությունները, որոնք շարադրված են պաշտոնական ձևերի վրա, և Բակունցն ամիս-ամսաթվերը լրացրել է տպագիր դրոշմակնիքների (штамп) համապատասխան մասերում։ Այդպիսի գրությունների թվականը նշել ենք խորագրից անմիջապես հետո, բնագրի վերին աջ մասում, այս հերթականությամբ՝ ամսաթիվ, ամսանուն, թվական, համար, գրության վայր։ Երբ այս կամ այն պաշտոնական գրությունը անթվակիր է, մեր վերականգնած մոտավոր ամիս-ամսաթիվն ու թվականը նշված են սուր փակագծերի մեջ, դարձյալ բնագրի վերին աջ մասում, խորագրից անմիջապես հետո։

Իր շարադրանքի ընթացքում մի շարք բառեր՝ դեսյատին, վերստ և այլն, Բակունցն օգտագործել է ժամանակի գրագրություններում ընդունված կրճատ ձևերով՝ դես., վ. և այլն։ Քանի որ դրանց վերծանումն առանձին դժվարություն չի ներկայացնում, ուստի ամենուր պահպանել ենք ինքնագրերում առկա կրճատ ձևերն՝ իրենց տարբերակներով։

Բնագրերում նկատված անուշադրության սխալներն ուղղված են առանց որևէ նշման, անփոփոխ թողնելով, սակայն, գյուղատնտեսական մշակույթների անունների զուգահեռ գործածությունները, ինչպես օրինակ՝ չավդառ-չավդար, կորնգա-կրոնգա-կորնգան և այլն։