Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուլտուրայի առանձին նշանակության, կխնդրեինք մեզ հաղորդել, որ մենք կարողանանք Ձեր տեսակետը այստեղ պաշտպանել։ 27/VIII: Հ. Փիրումյան» (հողժողկոմատի գյուղվարչության պետի տեղակալ)։

Զանգգավգործկոմի հողբաժինը կանեփագործության (պարան պատրաստելու) հարցի վերաբերյալ դիմում է արած եղել 1925 թ. մայիսի 3-իՆ (դրա պատճենը գավգործկոմի արխիվային ֆոնդում չի հայտնաբերվել)։ Ի պատասխան այդ դիմումի, մայիսի 20-ի դրությամբ Մոսկվայի գյուղատնտեսական ընկերությունը տվել է հետևյալ բացատրությունը Զանգեզուրի գավհողբաժնին. «Սույն ամսվա 3-ի № 502 Ձեր հարցման հետևությամբ հայտնում ենք՝ պարանի տնայնագործական արտադրության համար, որը հնարավոր է միայն կանեփաթելից, որևէ մեքենա հարկավոր չէ. ամեն ինչ պատրաստվում է տնայնագործական եղանակով։ Գործի կազմակերպման համար հարկավոր է հրավիրել մի քանի տնայնագործ-մասնագետ, որոնք Ձեզ համար կկազմակերպեն արտադրությունը և, ովքեր ներկայումս աշխատանքի կարիք են զգում և հաճույքով կգան Հայաստան։ Տնայնագործներ հրավիրելու համար երաշխավորում ենք դիմել Կարաչևի գավգործկոմ (ք. Կարաչև,Բրյանսկի նահանգ) և Լգովի գավգործկոմ (ք. Լգով, Կուրսկի նահանգ» (տե՛ս նույն տեղում, գ. 366, թ. 90)։ Նշված հասցեներով 1925 թ. հունիսի 7-ին հողբաժնի վարիչ Գ. Գևորգյանի և գյուղատնտես Բակունցի ստորագրությամբ ուղարկվել է հետևյալ դիմումը. «Զանգեզուրի հողբաժինը որոշել է Զանգեզուրում զարգացնել պարանի տնայնագործական արտադրությունը կանեփաթելից: Մոսկվայի գյուղատնտեսության ընկերության գյուղատնտեսական բյուրոյի տեղեկություններով գործը կազմակերպելու համար անհրաժեշտ են մասնագետ տնայնագործներ։ Հողբաժինը խնդրում է հայտնել, թե տնայնագործները ի՞նչ պայմաններով կհամաձայնվեն աշխատել մեր գավառում, կա՞ն արդյոք Ձեր գավառում մասնագետներ։ Խնդրում ենք մեզ հայտնել պայմանների մասին, ինչպես նաև տվյալ արտադրության տնայնագործ մասնագետների հասցեները» (տե՛ս նույն տեղում, թ. 105): Դրան հետևել է Բելյաևսկի գյուղատնտեսական ընկերության վարչության 1925 թ. օգոստոսի 31-ի պատասխանը, ուր տվյալներ են հաղորդվում կանեփաթելի վերամշակման, սեփական արտադրության պարանի վաճառքի, ինչպես նաև պարանագործ վարպետների Հայաստան մեկնելու պայմանների մասին (նույն տեղում, գ. 359, թ. 75։ Գրության վրա «Կցել գործին» մակագրություն է արված 1925 թ. սեպտեմբերի 20-ին, Բակունցի կողմից):

42. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, գ. 368, թթ. 82-83: Հրատարակվում է առաջին անգամ։

Նույն արխիվային գործում պահպանվել է հողժողկոմ Արամայիս Երզնկյանի և հողվարչության պետ Խաչատուր Ավդալբեգյանի ստորագրությամբ մի գրություն՝ ուղղված Զանգեզուրի գավգործկոմին (պատճենը՝ գավհողբաժնին և Ղափանի ու Սիսիանի շրջգործկոմներին), թվագրված՝ 20 հոկտեմբերի 1925 թ., որը պատասխան է Ա. Բակունցի առաջադրած հարցերին։

«Զանգեզուրի սակավահողության պատճառով, — գրում են նրանք,— դեռ 1922 թվին որոշված էր ներգաղթը դեպի գավառ միանգամայն արգելել։