Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Ռ. Դաշտոյանը ՀԽՍՀ Կենտգործկոմի նիստում զեկուցել են Զանգեզուրի և Քրդստանի գավառների «Վարչատնտեսական սահմանները գծող Անդրկենտգործկոմին առընթեր հանձնաժողովի աշխատանքների մասին»։ Որոշվել է. «Ընդունել ի գիտություն: Հանձնարարել հողժողկոմատին՝ քննել հանձնաժողովի արձանագրությունը և իր եզրակացությունը ներկայացնել Կենտգործկոմի նախագահությանը»: Այս փաստաթղթի վրա հողվարչության պետ Խ. Ավդալբեգյանը հոկտեմբերի 30-ին արել է մակագրություն. «Ընկ. Բակունցին. խնդրում եմ անհրաժեշտ նյութերը ստանալ Կոչետկովից և կազմել ու ներկայացնել Հայկենտգործկոմին մանրամասն զեկուցագիր-եզրակացություն՝ սահմանագծման աշխատանքների մասին»։ Երեք օր անց գրվել է երկրորդ մակագրությունը. «Կցել գործին։ Գրված է արդեն։ 3. XI 26։ Ա. Բակունց» (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 16, դ. 228, թ. 11): Սա հավանորեն այն զեկուցագիրն է, որը հողժողկոմատը նոյեմբերի 13-ի կից գրությամբ ներկայացրել է Ժողկոմխորհին (տե՛ս սույն հատորում, էջ 485)։

Նոյեմբերի 23-ին հանրապետության Կենտգործկոմը լսել է Ա. Բակունցի, Ռ. Դաշտոյանի (հողժողկոմի տեղակալ, ապա Կենտգործկոմի քարտուղար) և Բ. Հարությունյանի (Զանգեզուրի գավգործկոմի նախագահ) զեկուցումը Զանգեզուրի ու Մեղրու և Քրդստանի ու Կարյագինի գավառների սահմանագծման մասին (նշվ. տեղում թ. 20)։ Նույն գավառներին է նվիրված հանձնաժողովի հինգերորդ արձանագրությունը, որը կազմվել է 1927 թ. հուլիսի 8-ին, Գորիսում։ Հուլիսի 9-10֊ի նիստը (վեցերորդ արձանագրություն) Գորիսում դարձյալ անդրադարձել է Զանգեզուրի և Քրդստանի գավառներին։ Հանձնաժողովի այս շրջանի գործունեությանը Ա. Բակունցն անդրադարձել է հուլիսի 19-ին Խ. Ավդալբեգյանին գրած նամակում։

1928 թ. մայիսի 18-ին Թբիլիսիում Ա. Բակունցը մասնակցել է նաև մի այլ հանձնաժողովի աշխատանքին և ստորագրել նրա արձանագրության տակ։ Հանձնաժողովը քննարկել է Լոռի-Փամբակի գավառում Բորչալուի անասնապահական տնտեսությունների արոտօգտագործման հարցը (տե՛и նույն տեղում, ֆ. 112, ց. 1, գ. 318, թ. 108)։

Յա. Կոչետկովի հանձնաժողովի փաստաթղթերի հետ առնչվում են հողվարչության պետի տեղակալ Ա. Բակունցի ստորագրությունը կրող հետևյալ երկու գրությունները։ 1927 թ. նոյեմբերի 2-ին Զանգեզուրի գավհողբաժնի պահանջով ուղարկել է գրություն. «Արձանագրության մեջ հիշատակություն չկա «Խաթուն-Բաղի» մասին։ Ուղարկում ենք արձանագրության պատճենը» (տե՛ս նույն տեղում, ֆ. 123, ց. 16, գ. 103, թ. 19։ Կից գտնվում է նշված հանձնաժողովի 1926 թ. սեպտեմբերի 12, 14, 15-ի նիստի արձանագրության պատճենը)։ Մյուսը, դարձյալ Զանգգավհողբաժնին հասցեագրված, 1928 թ. մարտի 2-ի գրությունն է. «Ի հետևումն ս. թ. փետրվարի 14-ի № 199 գրության՝ ուղարկում ենք Ձեզ պահանջված որոշման պատճենը» (տե՛ս նույն տեղում, թ. 24։ Կից դարձյալ նույն արձանագրության պատճենը)։

Նշված արձանագրությունները և ակտը չի կարելի դիտել որպես Բակունցից ծագող փաստաթղթեր, ուստի դրանք չեն զետեղվում հատորում։

1 Ճիշտ ձևն է՝ Կոչետկով:

2 Գանինի գրությունը տե՛ս նույն տեղում, ֆ. 123, ց. 16, գ. 227, թ. 9:

3 Տե՛ս նույն տեղում, թթ. 1-4։