Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

(էջ 505)

Քաղված է Ա. Բակունցի՝ 1934 թ. հուլիսի 21-ին Երևանում, Գրողների տանք կարդացած զեկուցման մասին հաղորդումից՝ «Գրական թերթ», 1934, հուլիսի 24, № 19:

<ԵԼՈԻՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈԻՄԱՐՈԻՄ>

(էջ 505)

Քաղված է Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարի (տեղի է ունեցել 1934 թ. օգոստոսի 1-9-ը) սղագրություններից (մեքենագիր), որոնք պահվում են՝ ԳԱԹ, Հայաստանի խորհրդային գրողների միության ֆոնդ, № 7, էջ 142-150: Ա. Բակունցի ելույթը սղագրված է չափազանց անփույթ, բազմաթիվ բացթողումներով, սխալներով և աղավաղումներով։ Դրանից հատվածներ ճշտումներով տպագրվել են 1959 թ.՝ Ա. Բակունց, Գրականության մասին, էջ 117-126, ապա արտատպվել՝ «Երկեր երկու հատորով», հ, II, էջ 592-600։

Սույն հատորում հրատարակվում է Բակունցի ելույթի ամբողջ սղագրությունը։

Ա. Բակունցը ելույթ է ունեցել օգոստոսի 6-ին, վերջին՝ 8-րդ նիստում: «Գրական թերթի» ն. թ. օգոստոսի 10-ի համարում (№ 21) «Համագումարի օրագիրը» հաղորդման մեջ տրված է նաև նրա ելույթի հակիրճ շարադրանքը։

Սղագրության մեջ առկա ակնհայտ աղավաղումները, սխալները ճշտված են հնարավորին չափ զգույշ՝ հեղինակային խոսքի նախնական վիճակը պահպանած լինելու ձգտումով։ Որոշ անհարթություններ էլ թողել ենք նույնությամբ՝ ենթադրելով որ բանավոր ելույթում նման անհարթություններ հնարավոր են: Բացթողումները, երբ հնարավոր է եղել կռահել, վերականգնված են։

Սղագրությունում բացակայում են Բակունցի մեջբերումները Վ. Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցումից, Ա. Խանջյանի մի ելույթից և Ե. Չարենցի մի զեկուցումից (փոխարենն ամեն տեղ գրված է՝ կարդում է): 1959 թ. հրատարակված հատվածներում այդ մեջբերումներից վերականգնված են մի քանիսը: Սույն հրատարակության մեջ վերականգնված են բոլոր մեջբերումները, ընդ որում՝ Վ. Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցումից համապատասխան բովանդակության ավելի փոքր քաղվածք ենք գրել, քան 1959 թ. հրատարակության մեջ է: Ա. Խանջյանի ելույթից Բակունցի բերած երկու քաղվածքները գրված են ըստ «Գրական թերթի» 1934 թ. ստորև նշված համարից։ Բակունցը բերել է նաև Ե. Չարենցի մի կարծիքը Հ. Թումանյանի լեզվի մասին, որ հայտնվել է 1934 թ. հունիսի 28-ին, Չարենցի «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դ. Դեմիրճյանի լեզուն» զեկուցման մեջ։ 1959 թ. հրատարակությունում ամենուր, ուր բացակայում էին մեջբերումները, դրված են հատվածներ ո՛չ թե Չարենցի զեկուցման սղագրությունից, այլ «Գրական թերթում» (1934, № 18) տպագրված հաղորդումից, որտեղ կա Չարենցի կողմից կազմված իր զեկուցման «Ռեզյումեն»՝ ամփոփումը։ Ընտրությունը ճիշտ է կատարված, քանի որ Բակունցի ելույթի տվյալ հատվածից երևում է, որ նա նկատի է ունեցել այն ժամանակ արդեն «Գրական թերթում» հրապարակված