Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի նամակում այսպես է նկարագրում Աբովյանը վերադարձի առաջին տպավորությունը*[1]. «...Ամեն բան, ինչ որ ես լսում եմ իմ հայրենիքի ու հայրենակիցներիս մասին, այնպիսի բաներ են, որ, թերևս, ես սովից պիտի մեռնեմ, երբ ես իմ հայրենիքիս զոհվելու գեղեցիկ իդեալին հետևեմ, և ոչ թե մի այլ ճանապարհով իմ ապրուստս հայթայթեմ։ Ես ինքս արդեն այս տխուր փորձառությունը ունեցա։ Վաճառականության հոգին, դժբախտաբար, ծանրանում է նրանց գործերի ու ընթացքի վրա, ու վա՜յ նրան, որ ինքը նյութականապես անզոր լինելով, այսպիսի ձեռնարկությունների համար՝ ընդհանուր բարօրության նկատմամբ, նրանց օժանդակության կդիմե․․․»[2]։

Նույն տարին նա, ըստ երևույթին, ավելի խիստ գանգատներ է արել ընկերոջը՝ Ստ. Նազարյանին, ինչպես կարելի է եզրակացնել վերջինիս մի նամակից, գրված 1836 թ. դեկտեմբերի 5-ին, Դորպատից, գերմաներեն**[3]։

«Քո Տփխիսից հաղորդածը մեր հայրենակիցների վերաբերմամբ,— գրում է Նազարյանը,— ինձ չափազանց տխրեցրեց և հաստատեց իմ՝ առաջները այդ մասին արտահայտած խոսքերը․ բնական է, դա մի տխուր իրողություն է։ Որոմն իշխում է ոսկե գահի վրա, և հօգուտ ժողովրդի արած բուժիչ առաջարկներին ոչ ոք ականջ չի դնում։ Լսում եմ այն հոգի ու սիրտ մաշող մեղքերի մասին, որ դու քո նամակում նկարագրել ես։ Ես միայն այսքանը կասեմ, որ կգա ժամանակ, երբ ամեն բան իր մերկությամբ դատավորի սեղանի առաջը կկանգնի և կստանա իր արժանի պատիժը։ Դու ասում ես՝ «ես պիտի տուն և հայրենիք թողնեմ և ուրիշը փնտրեմ»։ Սրանից ես կարող եմ հետևեցնել, թե որքան անտանելի է քեզ քո շրջապատը. բայց ասա՛ ինձ, Աբովյան, մի՞թե մեր հետնորդների ազնիվ զգացող սիրտը նզովքի կնիք չի դնի մեր՝ հայրենիքից հերձվելու վրա։ Իհարկե, մեզ անկարելի է թվում մի լավ բան մեր ժողովրդի մեջ տարածելը, բայց պե՞տք է սրա համար հուսահատվել։ Ո՛չ, պատասխանում է ինձ իմ բանականությունը։ Մենք տեսնում ենք, սիրելի Աբովյան, որ յուրաքանչյուր ռեֆորմատոր մարդկային պատմության մեջ շատ բաների դեմ ստիպված է եղել կռվել, չնայած որ շատերը կարճատեսների կատաղությանը ստիպված են եղել հպատակվելու

  1. * Ե․ Շահազիզ․ Անդ, էջ 123։
  2. 98
  3. ** «Մուրճ», 1904, № 2, էջ 103