Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսահատ անկիւնք, խոռոչք բազմաահ,
Յատակ ի հողոյ, առաստաղ փայտեայ...
Ի տանեաց, ի յորմոց, ի ճեղքաց լուսամտից
Աստ ի ներքս տեղային. հոսէին, թափէին
Եւ կարկուտ, և հեղեղ, և անձրև, և ռումբ ձիւնից,
Եւ մրրիկ, և հոսան, փոթորիկ սարսռագին...
Տիւ, գիշեր անծածկոյթ և անփակ, անխափան,
Մղէին ի յարկ մեր սոսկադեմքն թն այն բնութեան՝
Գոռալով, վանելով, մռնչելով կատաղաձայն,
Խրոխտային, կռուէին, քանդէին զմեր կայան․․․[1]

«Խղճիկ խրճիթում» աղքատության հետ դեռ կենդանի էին տոհմային ավանդությունները Աբով պապի հարստության և հզորության մասին, երբ Աբովյանները անվանի «թարխան» էին հայրենի Քանաքեռում։ Դորպատի ստուդենտը զրկվել էր և այդ ժառանգական իրավունքներից։ Երբ կոլեժսկի ասեսոր Խրիստաֆոր Աբովյանը ներկայացնում էր ծառայության ֆորմուլյարը, նա ծագման սյունակում նշանակում էր՝ «հոգևոր կոչումից», որպեսզի հետո այդ էլ ջնջի։

Միայն Աբովյանները չէին աղքատացել։ Համեմատելով պարսիկների օրոք, թեկուզ Աբովյանի հաղորդած՝ սարքիարի միջոցով հավաքած հարկերը ռուսական տուրքերի հետ, Հաքստհաուզենը եզրակացնում է. «Իսկապես, բարձր չէին այն տուրքերը, որ պարսից Շահն էր իր կողմից սահմանում, մի երկիր գրավելուց հետո»։ Իսկ ի՞նչ էր վճարում 1843 թվին Քանաքեռը ռուսական «սարքիարին: Հաքստհաուզենը գրում է, որ Քանաքեռի 72 ծուխը վճարում էր 604 ռ. արծաթ, բացի այդ, յուրաքանչյուր ծուխ՝ 1 ռ․ 75 կ. հօգուտ փոստի: Բացի այդ՝ գյուղը «կոռուբեգառի» պարտականություններ ուներ, որ կատարում էին նատուրայով*[2]։ Եթե չհաշվենք տանուտերի և քահանայի ծուխը, որոնք հարկերից ազատ էին, մնացած 70 ծուխը «օրհնված ռուսին» վճարում էր չափազանց ծանր տուրք, որի գումարը, եթե այն ժամանակվա ցորենի կամ մյուս կենսամթերքների գներով ասենք, կստացվի մոտ 4200 փութ, այսինքն՝ միջին հաշվով Քանաքեռի յուրաքանչյուր ծուխը վճարում էր 60 փութ ցորեն: Եվ այս, բացի մյուս հարկերից, բացի գյուղի ներքին հարկերից, բացի այն կաշառքից, որ ահռելի չափերի

  1. 108
  2. * Հաքստհաուզեն, Ա հատոր, էջ 188: