Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա հաջողությամբ սահմանն անցնելը։ Հետագա ուսումնասիրության խնդիր է՝ եղած աղոտ հետքերով պարզել Աբովյանի վախճանը սահմանից այն կողմը, հաղթահարելով չափազանց մեծ դժվարություններ։

Ինչո՞ւ նա ուրիշ ուղղությամբ չանցավ,— կարող են հարցնել։

Որովհետև չկար այդպիսի ուրիշ ճանապարհ[1]։ Նա հենց խոլերայի պատճառով չէր կարող նույնիսկ Ռուսաստան անցնել, եթե չասենք, որ այդ ճանապարհի վրա էր Թիֆլիսը, որտեղ նա կանչված էր պաշտոնի։ Ո՞ւր էր գնում, Գերմանիա՞, թե՞ «Հայաստանի ներսը», դժվար է գուշակել, սակայն երբ հանկարծ մարտի 31-ից հետո այլևս գործերը հանձնում և տանից դուրս չի գալիս, պետք է ենթադրել, որ նա ստացել էր հեղափոխության լուրը՝ այն «նեմեցի գիրը», և որոշել էր հեռանալ ռուսական սահմաններից։

Աբովյանը մոտ երեք օր սենյակից դուրս չի՛ եկել, շորերը չի՛ հանել, մտածել է, գրել և ծխել իր երկար չիբուխը,— այսպես են նկարագրում նրա վերջին օրերը թե՛ տնեցիները և թե՛ պաշտոնական հաղորդագրությունը[2]։ Այդ օրերին նա հենց քննում էր ազատվելու ելքը, որ միանգամայն անակնկալ եկել էր հեղափոխության լուրի հետ։ Գրո՞ւմ էր նա և ի՞նչ էր գրում, թե՞ քրքրում էր իր բոլոր գրածները, այն, ինչ պիտի թողներ, և ոչնչացնում էր զանազան վտանգավոր գրություններ և նամակներ, ենթադրելով որ անհայտացումից հետո Նիկիֆոր Բլավատցկին խուզարկել կտա իր բնակարանը[3], երբեք այլևս հնարավոր չի լինի որոշել։ Միայն պարզ է, որ Դորպատի ստուդենտը երեք օր ու գիշեր հազար անգամ քննել է իր անցած ճանապարհը, այն, ինչ որ սպասում էր իրեն, և միշտ էլ հանգել մի հուսահատ եզրակացության, որ հարկավոր է բոլորը թողնել և, անակնկալ առիթից օգտվելով, գտնել «նոր տուն և նոր հայրենիք», որի համար պետք էր թողնել Թիֆլիսը, տունը, դպրոցի կիսատ գործերը, որովհետև, միևնույնն է, այնտեղից երբեք նա հետ չպիտի դառնար, և իր թշնամիներից, ոչ մեկի ձեռքերը այնքան երկար չէին՝ մինչև այնտեղ նրան հասնելու։

նիկիֆոր Բլավատցկին նրան շատ է որոնել։ Աբովյանի խորհրդավոր անհայտացումից հետո նա անընդհատ հետախուզումներ է անում։ Կարելի է ենթադրել, որ հենց Բլավատցկին կապում էր նրա անհայտացումը քաղաքական այդ իրադարձությունների հետ և ուզում էր որևէ ապացույց՝ վերադաս մարմինների առաջ բարձրացնելու իրեն և իսպառ ջախջախելու իր հակառակորդին, որը նրանից շարունակ գանգատներ

  1. 130
  2. 131
  3. 132