Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ուղարկում[1]։ Բլավատցկին ո՛չ միայն դատախազին և բժշկին ուղարկում է Խորվիրապի մոտ գտնված դիակի զննության, այլև իր ամառային ռեզիդենցիայից՝ Դարաչիչակից, Սուրմալվի և Զանգիբասարի զասեդատելներին ուղարկում է «կարևոր» և «հույժ կարևոր» գրություններ և պահանջում է տեղեկացնել, թե այն ի՞նչ «անհայտ մարդու մեռած դիակ է, որ լողում է Արաքսի վրա...»[2]: Հազիվ թե այդքան շտապեցներ գործը, եթե չկասկածեր, որ անհայտ մարդը կարող է Աբովյանը լինել։

Մեզ այս կարծիքին է բերում և այն, որ, ինչպես ցույց են տալիս հենց նույն 1848 թվականի փախչողների գործերը, ցարական ադմինիստրացիայի պաշտոնական գրագրությունների մեջ «անհայտ բացակայող» կամ «անհայտ բացակայության մեջ գտնվող» են կոչվում նրանք, որոնց մասին հաստատ տեղեկություն ունեն, թե անվտանգ անցել են սահմանը և ապրում են ռուսական իմպերիայի սահմաններից դուրս։ Իսկ մենք տեսանք, որ մինչև վերջ, պաշտոնական թղթերում, Աբովյանին համարում էին «անհայտ բացակայող»...[3]։

Ինչպե՞ս կարելի է բացատրել Աբովյանի մի սապոգի գտնելը Խորվիրապի մոտ, եթե ընդունենք, որ Աբովյանը անցել է սահմանը: Մեր կարծիքով՝ ինքը Աբովյանը կարող էր այս ափին թողած լինել սապոգները, որ հեշտ անցնի Արաքսը (Աբովյանը շատ վարժ լողում էր), և այդ գիտակցաբար, որպեսզի կորցնի հետքը[4]․ գտնեն սապոգները և ենթադրեն, թե խեղդվել է ջրում, և այլևս չփնտրեն։

Է

Ամփոփելով մեր դիտողությունները՝ թե՛ նոր և թե՛ մինչև այժմ հայտնի նյութերի հիման վրա, Խաչ. Աբովյանի «անհայտ բացակայման» առեղծվածը մեկնում ենք հետևյալ կերպ։

1843 թ. աշնանը Երևան տեղափոխվելով՝ անձնական շփումների և բազմաթիվ ճանապարհորդությունների հետևանքով նա գալիս է այն համոզման, որ ցարական ռեժիմը «հայոց ազգի», այսինքն՝ նախկին «Հայկական մարզի» գյուղացիության համար ակնկալած բարիքների փոխարեն բերեց կնուտ և աղքատություն[5]։ Միայն նրա «պատմական շարադրության»՝ «Վերք Հայաստանի» ձեռագիր էջերն էին վկայում նահապետական Քանաքեռի երբեմնի գոյությունը: Ասպարեզը ո՛չ

  1. 133
  2. 134
  3. 135
  4. 136
  5. 137