Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ Թիֆլիսում, Աբովյանը չի կարողանում լեզու գտնել ռուս պաշտոնյաների և, առհասարակ, իշխանավորների հետ։ Նոր տեղեկություններ կան, որ Թիֆլիսում նրան ծեծում են երեք ռուս պաշտոնյա, և քաղաքի ոստիկանությունը գործին ընթացք չի տալիս[1]։ Թիֆլիսից հեռանալը ինքը՝ Աբովյանը, հետևյալ կերպ է բացատրում. «Աստի և նախանձ՝ չարակամութիւն իմոցս պաշտօնակցաց զրկեալ զիս բռնի յորդեգրաց իմոց՝ պատճառ եղեն ինձ թողուլ զՏփխիս և հեռանալ»[2]։ Երևան տեղափոխվելուց հետո նրա հարաբերությունները համարյա հենց սկզբից լարվում են գավառապետ Բլավատցկու, ոստիկանապետ Մորոխովեցի և մյուս, ավելի ստորադաս պաշտոնյաների հետ, որոնք նրա շուրջը ստեղծում են կասկածամտության, մանր ինտրիգների և բամբասանքների մթնոլորտ։ Մի գնդապետ Տուրչանինով, որ ի պաշտոնե պարտավոր էր պետական դպրոցի նորոգումը ղեկավարել, ո՛չ միայն մերժում է այդ, այլև ծանր վիրավորանք հասցնում Աբովյանին։ «Հաճախ,— գրում է այդ մասին Աբովյանը 1846 թվի նոյեմբերի 16-ին,— ես արցունքն աչքերիս խնդրել եմ գնդապետ Տուրչանինովին՝ ինձ որևէ աջակցություն ցույց տալ և իբրև պատասխան ստացել եմ ինձ համար ամենաստորացուցիչ խոսքեր»[3]։ Դիրեկտոր Կուլժինսկին ջնջում է որոշ հատվածներ նրա ճառից, որ պիտի արտասաներ դպրոցական տարին փակելուց. «․․․Մի քանիսն այս չեն հասկանա,—ջնջած պարբերությունների դիմաց լուսանցքում գրել է դիրեկտորը,— իսկ նրանք, որոնք հասկանան, կարող են վիրավորվել. ուստի խնդրում եմ այս բոլորը դուրս ձգել»։

Ի՞նչ պարբերություններ էին վտանգավոր. — ահա՛ նրանցից մեկը. «Ձեզանից շատերը,— գրել է Աբովյանը,— համոզված են, որ գիտությունները և, մանավանդ, ռուսերենը մեր հայրենիքում դեռ խորթ առարկաներ են»։ Այս խոսքերը նա պիտի ասեր հանդիսականներին, որոնց թվում և գավառապետ Բլավատցկուն, ոստիկանապետ Մորոխովեցին, Տուրչանինովին և մնացած ռուս չինովնիկներին, որոնք մի անգամ արդեն, շատ վայրենի ցուցարարությամբ՝ ընդհատել էին Աբովյանի ճառը, դարձյալ դպրոցական հանդեսում[4]։ Եվ ճիշտ է Բոգենշտեդը, երբ այս կապակցությամբ գրում է Աբովյանի մասին. «Այսպիսի մարդիկ առավել ևս արժանի են հանրային գնահատության, որ նրանց ջանքերը Ռուսաստանի կողմից ըստ ամենայնի կասեցվում են։ Ռուս կառավարությունը ո՛չ ընդունակություն ունի, ո՛չ էլ կամք՝ մի ժողովրդի

  1. 146
  2. 147
  3. 148
  4. 149