Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
<ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ>

Ծնվել եմ 1899 թ., Գորիս։ Ծնողներս ունեցել են և՛ հող, և՛ հարստություն, բայց ես չեմ տեսել ո՛չ այդ հողը և ո՛չ հարստությունը։ Ես հիշում եմ մի զարհուրելի չքավորություն, «մի տուն լիքը մանուկներ», և այդ՝ գավառական քաղաքում, որտեղ հասարակական դիրքը որոշում էին կուպեցի արշինը և չինովնիկի չինը։

905-ին գնացել եմ ծխական դպրոցը։ Գնացել եմ, այսինքն՝ իմ կամքով և իմ նախաձեռնությամբ։ Սովորել եմ 5 տարի՝ հայոց լեզու, մի քիչ ռուսերեն, մի քիչ աշխարհագրություն, բավական շատ հայոց պատմություն, երգ, և՛ վայելչագրություն։ Կար աշակերտների մի կատեգորիա, որ ձրի էր գնում տոնածառի, թոշակ չէր վճարում, գրքերը դպրոցն էր տալիս։ Եվ այդ բոլորը որպես «ազգային բարեգործություն», նվաստացնող պոմպայով։ Ես այդ ցանկումն էի։

Այսպես կոչված «առաջադեմ» աշակերտ էի և ավարտելուց ստացա «Վարդանն Ավարայրի դաշտում» նկարը և «Ծաղկեփունջ» գիրքը 1910 թվի ամառը «Սասուն» գրախանութում (այդ մեր քաղաքի ազգային ինտելիգենցիայի հավաքատեղին էր) որոշեցին ինձ ուղարկել էջմիածին՝ ճեմարան (մայրս ասում էր՝ էշմիաձի, և լաց էր լինում, որ գնում եմ «հայոց Հայրիկի»[1] մոտ)։

1910 թվին «ունթունվեցի» (այդպես էի արտասանում այն ժամանակ) ճեմարան։ 1915—16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվել էր ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ «հրավիրվեցի» Զանգեզուրի Լոր գյուղը։ Ամառը ես «չարություն» էի արել, որ և կարելի էր հաշվել իմ գրական մկրտությունը, եթե չհաշվենք «Հիմար մարդը» վերնագրով մի հեքիաթ, որ 1911 թվին տպեց «Աղբյուր» ամսագիրը։ Այդ ամառ ես ֆելիետոն էի տպել Շուշվա կարծեմ սոցիալ-դեմոկրատական «Փայլակ» թերթում, մեր քաղաքագլխի և գավառական ադմինիստրացիայի դեմ։ Ինձ բանտարկեցին, եղավ «փոթորիկ», և ես

  1. 7