Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋՈՆԱԹԱՆ ՍՎԻՖՏԸ ԵՎ ՆՐԱ ԳԻՐՔԸ

1

Դժվար է գրել Ջոնաթան Սվիֆտի կյանքը։ Այդ ո՛չ միայն նրա համար, որ չի կարելի բազմաթիվ ուսումնասիրությունների մեջ հիշատակել թեկուզ երկուսը, որոնք միանման լուսաբանեն նրա կյանքի նույնիսկ քիչ թե շատ ուսումնասիրված դրվագը, այլև նրա, որ հաճախ, հենց այդ աշխատություններում իրական փաստն առարկվել և փոխարինվել է առասպելախառն պատմությամբ։

Երբեմն նրան նկարագրել են որպես մի բարի ծերունու, որ մանուկ ընթերցողների համար գրավիչ հեքիաթներ է հորինել Գուլիվերի մասին, ուղարկելով նրան մերթ թզուկների և մերթ հսկաների աշխարհը, նպատակ դնելով վերհանելու իսկական բրիտանացու առաքինի և վեհանձն վարքն այդ անծանոթ երկրներում։

Երբեմն էլ Սվիֆտը հանդես է բերվել իբրև խելագար, մաղձոտ, մեծամիտ, փառասեր, ամբողջ մարդկության համոզված հակառակորդ, որ մանր-մունր հաշիվներից դրդված՝ գրում էր կծու պամֆլետներ, վաճառում էր իր համոզումները նրան, ով ավելի կվճարեր, և անձնական փառասիրությունից դրդված ոտնահարում էր մարդկային կյանքի բարոյական բոլոր նորմերը։

Անկասկած, Գուլիվերի ճանապարհորդությունների հեղինակը եղել է և կմնա մանուկ ընթերցողների սիրելին, որովհետև գրավիչ են նրա հզոր երևակայությունը, պատմելու ձևը, պարզ լեզուն և այն արկածներից շատերը, որոնք անցնում են Գուլիվերի գլխով լիլիպուտների և հսկաների աշխարհում։ ճշմարիտ է և այն, որ Ջոնաթան Սվիֆտը գրել է մաղձոտ դառնությամբ, բայց, այնուամենայնիվ, նա չի եղել ոչ բարի ծերուկ և ո՛չ էլ անձնական փառասիրության մոլի երկրպագու։