Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին, առանց ամոթ զգալու իր սեփական մոլությունների համար, եթե նա իրեն համարում է, իր երկրի բանական և գերիշխող կենդանին»։

Բայց նախքան նրա հռչակավոր երկասիրության քննության անցնելը, համառոտ կերպով ծանոթանանք նրա գլխավոր դեպքերին:

***

Ջոնաթան Սվիֆտը ծնվել է 1667 թվի նոյեմբերի 30-ին, Դուբլինում։ Նրա հայրը չքավորությունից ստիպված թողել էր Անգլիան։ Ջոնաթանը ծնվել է հոր մահից 7 ամիս հետո, և որովհետև մայրը միջոցներից զուրկ էր, փոքրիկին դայակը վերցնում է իրեն մոտ և մորը վերադարձնում միայն 3 տարի անց։

Հետագա կրթության մասին հոգ է տանում նրա քեռին։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո 14 տարեկան Սվիֆտն ընդունվում է Դուբլինի համալսարանը: Նա համալսարանի առաջադեմ ուսանոդներից չէր։ Հայտնի է նրա ատելությունն աստվածաբանության և փիլիսոփայության դեմ, որ այնքան սխոլաստիկ ավանդում էին համալսարանում։ 1680 թվին, «առանձնահատուկ ողորմածությամբ»՝ speciali gratia, նրան շնորհում են բակալավրի աստիճանը, և Սվիֆտը հեռանում է համալսարանից, որտեղ նա հայտնի էր իբրև դասախոսների դեմ ուսանողական պամֆլետների և ծաղրական ոտանավորների հեղինակ։

1688 թվին, անգլիական հեղափոխությունից հետո, մայրը և որդին հեռանում են Իռլանդիայից։ Սվիֆտի մորը հաջողվում է որդուն տեղավորել իր հեռավոր ազգական, լորդ Ուիլյամ Տեմպլի կալվածքում։ Այդ ժամանակ լորդ Տեմպլը, երբեմնի նշանավոր քաղաքագետը, թողել էր դիվանագիտության ասպարեզը և քաշվել իր կալվածքը՝ Մուրպարկ[1]։ Սվիֆտի կյանքի այդ շրջանը շատ է նշանավոր։ Մուրպարկում նա հնարավորություն ունեցավ ծանոթանալու բազմաթիվ քաղաքական գործիչների, մինիստրների, եկեղեցական բարձրաստիճան անձանց և գրողների հետ, որոնք հաճախ էին լինում լորդ Տեմպլի մոտ։ Նրա տրամադրության տակ էր Մուրպարկի հարուստ գրադարանը․ վերջապես՝ նա քաղաքական բազմաբովանդակ նյութերի մասին զրույց էր անում Ուիլյամ Տեմպլի հետ, որ սուր մտքի և գրական ճաշակի տեր մարդ էր։ Այդտեղ է գրում նա իր «Գրքերի ճակատամարտը», մի շարք պամֆլետներ, և, անկասկած, այդ ամենի վրա լորդ Տեմպլի հետ ունեցած զրույցների

  1. 4