Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես»։ Բավական ստույգ տեղեկությունները վկայում են, որ Ստելլան և Սվիֆտը նույնիսկ ամուսնանում են՝ պայմանով որ այդ ամուսնության դաշնը գաղտնի մնա։ Դոկտոր Դելանին հայտնել է, որ ինքը տեսել է Սվիֆտին արցունքն աչքերին, պսակի ծեսը կատարող Ատս եպիսկոպոսի դռանը։ Եվ երբ այդ մասին նա հարցրել է Ատսին, վերջինս պատասխանել է․ «Դուք այժմ տեսաք ամենադժբախտ մարդուն, բայց նրա դժբախտության պատճառների մասին ինձնից երբեք չպիտի հարցնեք»։

Հերման Հետները այսպես է նկարագրում Ստելլայի, Վանեսսայի և Սվիֆտի հարաբերությունները. «Սվիֆտը վարժվել էր նույնիսկ անջատումից հետո ամենաքնքուշ զգացումները տածել Ստելլայի հանդեպ։ Նրան գրած նամակները շնչում են խորին կրքով։ Ստելլայի համար գրած հիշատակարաններում նա աննման պարզությամբ պատմում է նրան իր բոլոր առօրյա փորձությունները և իր բոլոր գաղտնի մտքերը»։ Բայց երբ Լոնդոնում ծանոթանում է Վանեսսայի հետ, այդ հիշատակարանները միանգամից խառնվում են։ Պղտորվում է այն ջինջ զգացումը, որ մինչ այդ կար Ստելլայի հանդեպ։ Լոնդոնում Վանեսսան արդեն հայտնել էր իր սերը, և նույնպիսի զգացումով նրան պատասխանել էր սուրբ Պատրիկ եկեղեցու դեկանը։

«Սվիֆտը,— շարունակում է Հետները,— որոշում է չամուսնանալ Վանեսսայի հետ, որովհետև, այդ բանին խանգարում են Ստելլայի մասին ունեցած հիշողությունները։ Բայց, միաժամանակ, ինքն իրեն չի կարողանում սանձել Վանեսսայից խուսափելու, իր կիրքը հաղթահարելու համար»։ Սվիֆտը հեռանում է Լոնդոնից և հրաժեշտի նամակում Վանեսսային խնդրում է չհետևել իրեն և չգալ Դուբլին։ Երիտասարդ աղջիկը չի լսում և մեկնում է Դուբլին։ Սվիֆտի սառը վերաբերմունքից ավելի է բռնկվում աղջկա սերը, այդ զգացումը մեղմացնում է Սվիֆտի սառնությունը, և Դուբլինում շարունակվում է այն, ինչ սկսվել էր Լոնդոնում։

«Խանդը և սերը Ստելլային մահվան անկողին հասցրին։ Սվիֆտը, իր խղճի խայթից տանջվելով և Ստելլայի տանջանքներից հաղթված, կարողանում է դուրս գալ իր արբեցման վիճակից։ Նա հիվանդի մոտ է ուղարկում իր ընկերոջը, Ստելլային հայտնելու, որ ինքը պատրաստ է ամեն ինչ անել, նրան մխիթարելու և հանգստացնելու համար»։