Էջ:Barpa Khachik.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
                   *   *

Քարափին վրա ոչ մեկ դիմավորող չի կար։ Մյուս ճամփորդներու հետևելով, Բարպան, Վիկտորյան և Միհրանը իջան վագոնեն և իրենց բեռներուն առաջ պահ մը սպասեցին։ Բեռնակիրները կանցնեին–կդառնային՝ առանց կանգ առնելու, որովհետև անոնք կշտապեին և չէին սպասեր, որ Միհրանը վերջացնե իր քաղաքավարական մանվածապատ ֆրազները, որով ան կհրավիրեր բեռնակիրները։ Բեռնատար ձեռնասայլերը կսուրային իրարու ետևե, և քշողները ջղագրգռված մարդոց ձայնով անդադար կգոռային՝ «զգո՜ւյշ, զգո՜ւյշ…»։


Վերջապես, երեքն ալ վերցուցին իրենց ունեցածը և հետևեցան ճամփորդներու հոսանքին, կայարանի անորոշ աղմուկը նորեկներուն մտածել տվավ, որ այնտեղ անսովոր բան մը պատահած է։ Իրարու քով զուգահեռաբար կանգնած գնացքները, ոմանք ժամանած, ոմանք մեկնումի վրա, իրենց բոլոր լոկոմոտիվներով կհևային և կխռխռային։ Անոնց ետեվը, երկաթգիծերու ցանցին վրա, առանձին լոկոմոտիվներ երբեմն կսուլեին շնջատ և հևքոտ սուլոցով, կարծես տարօրինակ բան մը ազդարարելով։ Կայարանի ընդարձակ հոլլը, ապակեպատ գմբեթով, ուրկե կմաղվեր գորշ և, կարծես, կեղտոտ լույս մը, լի էր խուռներամ բազմությամբ, և Բարպան սոսկումով կմտածեր, թե քիչ հետո պիտի նետվեին այդ մարդկային ծովի մեջ և, կարծես թե, իրենց հետքը պիտի կորսվեր…


Սակայն, քարափի վերջավորության խումբ մը մարդիկ կանգնած էին՝ շարժական փայտորմով մը բաժնված ճամփորդներեն, և վիզերը ձգած կդիտեին անցնողները։ Այդ միջոցին, ահա, Բարպան լսեց Վիկտորյայի ձայնը, որ կճչար.


- Յորկի՛, Յորկի՛, յավրո՜ւմ…


Մաքուր հագնված երիտասարդ մը անջատվեցավ խումբեն, ընդառաջ եկավ իրենց։


Ան Վասիլն էր և Վասիլը չէր։ Բարպայի աչքերեն արցունք չէր ժայթքած իր մանկության օրերեն ի վեր, բայց