Էջ:Barpa Khachik.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրական էր արդեն Անգլիո և Գերմանիո համար և որ կսպառնար նաև Ֆրանսիային, բայց, մանավանդ, կենսամթերքներով թանկությունը։


— Տեսե՛ք, պարո՛ն,- կըսեր տարեց հաշվապահ մը,– մեր դիմացի տան տանիքը կնորոգեն այս միջոցին, և կտեսնեմ այդ պրոլետարները գործի մեջ. առավոտյան կվազեն գինետուն, կեսօրին, որ տուն կերթամ ճաշելու, մեր մարդիկը կվազեն ճաշարան, ժամը 6֊ին, ես դեռ տուն չի հասած, անոնք նստած են գինետան սեղանի շուրջը. այդ մարդիկը ե՞րբ կաշխատին, ըսեք, կխնդրեմ, և այդ մարդիկ մեզ նման չեն, կուզեն ուտել, իրենց ամենօրյա բիֆտեկը ունենալ և գինին… և ահա այդ մարդոց հարյուրներ և հարյուրներ են պետք… Սրա համար է, որ մենք ավելի սուղ կվճարենք ամեն ինչ։ Անոնք են, որ կծծեն մեր ֆինանսներու լավագույնը, դուք հաշիվ ըրեք… տարեկան քանի միլիարդ կծախսվի այդ ձեր պրոլետարներու աշխատավարձին…


Միակ գործնական արդյունքը, որ Միհրանը ունեցավ՝ խոսելով Հոկտեմբերյան հեղափոխության մասին, այն եղավ, որ դրոշմանիշի հավաքածու ունեցող հաշվապահ մը, իրիկունը, գրասենյակը փակվելե հետո, զինքը հրավիրեց խմիչք մը առնելու և սրճարանին մեջ պաղատագին խնդրեց Միհրանեն՝ իրեն հայթայթել նմուշներ այն նոր դրոշմանիշներեն, որ հեղափոխական Ռուսաստանը դրած պետք էր ըլլար հրապարակ։


- Լսե՛, այդ հաճույքն ինձ պատճառե,— ըսավ ան պաղատագին,— քեզ երախտապարտ կմնամ…


Միհրանը ավելի պիտի ընտրեր, անձնատուր ըլլալ իր երազներուն, քան թե զբաղեր այդ բթամիտներուն հետ, անիկա անգամ մը ըսեր էր հրահանգիչին.


— Այդ մարդոցմե որևէ հույս չի կա…


- Գիտցի՛ր, ընկե՛ր,— պատասխաներ էր հրահանգիչը,— որ անհույս աշխատավոր չկա. հողը աննպաստ է, կհասկնամ այդ, բայց պետք է ծերպ մը գտնել՝ լծակը դնելու և խախտելու համար այդ անշարժությունը։


Միհրանը կնախանձեր Յորկիի վրա, որ կաշխատեր գործարանի մը բանվորական բեղուն հողին վրա։ Այնտեղ ալ