Էջ:Barpa Khachik.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կային մեծ դժվարություններ. օտարազգի բանվորներուն հարցը լուրջ խնդիր էր։ Կառավարությունը անողոք էր այն օտարազգի աշխատավորներու նկատմամբ, որոնք կբռնվեին ցույցի մը կամ բանվորական որևէ շարժումի մասնակցության մեջ։ Եվ այդ օտարականները, մեծ մասամբ իտալացիներ և իսպանացիներ, երբ վտարման թուղթ կստանային, երթալիք տեղ չունեին. անոնք երանի կուտային Հայերու, որոնք սոցիալիստական հայրենիք ունեին և գիտեին, թե ուր պիտի ուղղեն իրենց քայլերը, եթե վտարվին Ֆրանսիայեն։


Անգամ մը Միհրանը, լսելով այդ խոսքերը, գոչեց.


— Մեր հեղափոխական հայրենիքը ձերն ալ Է…


- Անտարակույս,– գոչեցին բանվորները,– բայց լեզվի հարց կա… կան և ուրիշ խնդիրներ, վերջապես, մեր երկրի հեղափոխությունը պետք Է կատարվի, և մենք մեր ճակատի զինվորներն ենք։


Եթե Միհրանը ուզեր իր գործունեությունը սահմանափակել միայն գաղութահայ կյանքի մեջ, դարձյալ անսահման գործ կար ընելիք, և խնդիրը այն Էր, որ հակառակ գաղութահայերու թվի համեմատական փոքրության, այնտեղ դրված հարցերը մեծ դժվարություն ունեցող հարցեր Էին։


Միհրանը կպատկերացներ գաղութահայ աշխատավորության անցած տաժանելի ճանապարհը։ Մահացու վերքեր ստացած արևմտահայ ժողովուրդի այդ բեկորները ցրվեր Էին աշխարհիս ամեն կողմերը։ Ամենուրեք անկոչ հյուր, ամենուրեք իրավազուրկ, անոնք, այդ սկզբնական շրջանին, հուսահատորեն և երկրե-երկիր անցնելով, որոներ Էին անկյուն մը, ուր կարենային չարաչար աշխատելով իրենց կյանքի ամենաանհրաժեշտ պահանջները հայթայթել… Իրենց ետևը թողեր Էին ալեծածան արյան ծով, որուն մեջ ընկղմեր Էին իրենց հարազատները, հարյուր֊հազարավոր մարդկային կյանքեր… Անոնք, այդ բեկորները, ենթարկվեր Էին շահագործումի, անցեր Էին ձեռքե-ձեռք։ Անգլիացիներ, ֆրանսիացիներ, կաթոլիկներ, ամերիկացի միսիոներներ խլեր Էին այդ բազմություններեն մասեր, տարեր Էին օտար աշխարհներ, վաճառեր, ծախեր, փոխանցեր Էին այդ մարդկանց խումբերը գերիներ ու նման, առանց իրենց կամքը