Էջ:Barpa Khachik.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարցնելու, առանց իրենց տարրական փափագները նկատի ունենալու։ Նույնիսկ Ֆրանսիայի գավառներու մեջ կային պատանիներ և երիտասարդներ, որոնց ինքնության թուղթերը հավաքված կմնային կեդրոնական վայրերու մեջ, որովհետև այդ մարդիկը անհատապես իրավունք չունեին իրենց տեղերեն շարժելու, իրենց հողային աշխատանքը լքելու՝ մինչև երեք, չորս, հինգ տարի, ըստ այն պայմանագրության, որ կնքված էր միսիոներական կամ կաթոլիկ ճիզվիտական կազմակերպության մը և անհատ հողատերերու մեջ։ Աղիողորմ նամակներ և բողոքներ կհասնեին այդ գերի աշխատավորներեն, որոնք կպահանջեին մարդկային ամենատարրական իրավունքներ։ Բայց այդ բոլորի մեջ ամենասոսկալին այն էր, որ այդ ժողովուրդը, որ իր հավաքականության զգացողությունը, իր լեզուն և գրականությունը, իր ազգային արժանապատվությունը ուներ, կկորսնցուներ այդ բոլորը։ Խզվում էր այն թելը, որ անհատները կկապե իրարու։ Եվ ամեն մեկը՝ ուղեկորույս և մոլորուն, նոր հայրենիք կորոներ, տեղ մը, ուր իր ներկայության հանդուրժեին, ուր կարենար պատվաստել իր զավակներու կյանքը…խզվելով հազարամյա անցյալեն, և զրկվելով որևէ հեռանկարե, այդ բեկորները կկորսնցունեին իրենց կյանքի իմաստը և դառն ժպիտով կլսեին, երբ իրենց թխորակ և սևաչվի երեխաները ամեն իրիկուն, դպրոցներե վերադարձին, կսերտեին.


— Մեր նախահայրերը՝ կալլերը… կապուտաչվի էին, շեկ մազերով…


Եվ ահա, նախ տարտամ, հետզհետե համառ լուրը տարածվեր էր… «Այնտեղ, Արարատի ստորոտը, մեր հայրենի երկրի մեջ, հաստատվեր է խորհրդային հանրապետություն…»։


Մի՞թե կարելի է… Սա արդյոք տեսակ մը միրաժ, կրկներևույթ չէ՞, որ կերևա անապատին մեջ հուսահատ ճամփորդներու աչքին…


Եվ հետո, հետզհետե, ամսե֊ամիս, շաբաթե-շաբաթ, այդ հրաշալի լուրը, այդ միրաժը ստացեր էր որոշ շրջագիծ, դարձեր էր՝ թեև հեռավոր, թեև երազային, բայց իրական իրականություն։