Էջ:Barpa Khachik.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորհրդային Հայաստանի կադրերու պատրաստություն, ջրանցքներ, ճահիճներու չորացում, համալսարան, գիտություն և գրականություն…


Եվ ամենուրեք ցրված այդ դժբախտ և իրավազուրկ ժողովուրդի բեկորները Ամերիկայեն, Սուրիայեն, Հունաստանեն, Բալկանյան երկիրներեն, Միջագետքեն և Ֆրանսիայեն իրենց բազուկները կերկարեին դեպի այդ նորածին Հայաստանը, դեպի նոր խորհրդային հայրենիքը։


Միհրանը իր ամբողջ էությամբ կզգար այս արտակարգ և պաթետիկ կացությունը և կուզեր արտահայտել գրական երկի մը մեջ, բայց դեռ իր անզոր բազուկները չէին կրնար ընդգրկել անոր ամբողջությունը։ Անիկա կտառապեր, զգալով իր հղացումներուն և կատարման միջոցներու մեջ եղող անհավասարությունը։ Միհրանին կթվեր, որ հազիվ լողալ գիտնալով, պետք էր նետվեր փոթորկալի ծովու մը մեջ և հասներ մյուս ափը։ Թո՛ղ կորչեր ալիքներու մեջ, բայց պիտի կատարեր փորձը… Նույնիսկ իր անհաջողությունը կրնար բեղմնավոր ըլլալ։ Ավելի ուժեղ լուղորդներ կարող էին հետևիլ իր գծած շավիղին։


Քունը իսպառ փախեր էր Միհրանի աչքերեն, որոնք՝ խոշոր բացված, կսևեռեին առաստաղը. լուսավոր ձողերը, որոնք դողդղալով կերկարեին մասամբ պատին և մասամբ առաստաղին վրա, սկսան դժգունիլ այգուն տմույն լույսին մեջ:


— Ա՛հ, ինչքա՛ն գործ կա կատարելիք,— մտածեց Միհրանը հորանջելով և ձգվելով տաք անկողնին մեջ։


Եվ ճիշտ այդ պահուն իր մտքին ներկայացավ կրկին Մաննիկի սիլուետը, և անոր աչքերը կարծես իրեն կնայեին տխուր հանդիմանությամբ։ Հանկարծ Միհրանը մտածեց, որ ամբողջ օրը մայր ու աղջիկ սպասած էին իրեն… թերևս և պատրաստություն տեսած էին զինքը հյուրասիրելու համար. մտաբերելով անոնց ժամե-ժամ աճող հուսախաբությունը, Միհրանը զգաց անախորժ կնճիռ մը իր սրտին մեջ և ընդոստ դուրս նետվեցավ անկողնեն։


Կողքի սենյակին մեջ լսելի դարձան Վիկտորյայի մուճակներուն թեթև շփումը հատակին վրա, քիչ հետո Վիկտոր