Էջ:Barpa Khachik.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրտնեղ և կռիվ կփնտրեր ամենուն հետ։ Անիկա՝ սրդողելով Միհրանի հետ որևէ պատրվակով, կապաստաներ մադամ Լենի սենյակը և այնտեղ վառարանի մոտ կնստեր անշարժ, վայելելով մադամ Լենի հոգածությունը, որ Յորկիին հետ կվարվեր՝ ինչպես քմահաճ դարձած հիվանդ երեխայի հետ։


Բայց այդ տագնապն ալ երկար չտևեց, և Յորկին, անտարակույս, մխիթարություն գտավ բարեհաճ փարիզուհիի մը մոտ։

Միհրանի հոգեբանությունը շատ ավելի բարդ էր և նուրբ:

ճիշտ է, որ անիկա շուտով կգրավվեր, և կանացի հրապույրը մեծ նախճիրներ կգործեր իր մեջ, բայց անիկա կտատանվեր անվերջ և չէր կրնար որոշումի մը հանգիլ։ Անիկա լուռ կտառապեր, երբեմն առանց պատճառի, որովհետև կանացի պչրանքի արդյունք եղող մեղմ մերժումները, հետաձգումները կընդուներ լուրջ և շատ անգամ կհամարեր վերջնական։ Այն միջոցին, որ Միհրանը Մոնժ փողոցի մայթի վրա հանդիպեր էր Մաննիկին, արդեն անոր սիրտը բռնված էր, ավելի շուտ սիրտը կտատանվեր երկու բոլորովին տարբեր կիներու միջև։


Միհրանը հանդիպեր էր Մարիա Սոլին պատերազմի դեմ պայքարող կանանց ընկերության մեկ կոնֆերանսին, որուն համար մուտքի տոմսեր տվեր էր Հանրիի կինը Բարպային։


Մարիա Սոլը ցորենի պես խարտյաշ մազերով, կապույտ վճիտ աչքերով, կլոր դեմքով և եղեգնի պես բարակ և ճկուն մարմնով աղջիկ մըն էր։ Լինելով կարգադրիչ հանձնախումբին անդամ, անիկա դռան մոտ կանգնած էր սեղանի մը առաջ և զանազան բրոշյուրներ և պատկերներ կներկայացներ մտնողներուն։ Միհրանը դանդաղեր էր այդ սեղանին շուրջը և երբ օրվան ճառախոսը սկսեր էր խոսիլ, Մարիա Սոլը և Միհրանը միասին մտեր էին սրահ և տեղավորվեր էին կողք-կողքի։ Մարիա Սոլը դասախոսության ամբողջ ընթացքին իր միտքերը հայտներ էր Միհրանին, այնպես որ կոնֆերանսի վերջին անոնք գրեթե մտերմացեր էին իրարու։ Մարիա Սոլը հրավիրեր էր Միհրանը այցելության գալ իր տունը։ Ամեն չորեքշաբթի իրիկուն կհավաքվեին բուլվար