Էջ:Barpa Khachik.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Արագո, վեցերորդ հարկի սենյակ մը, ուր կմնար Մարիա Սոլը շաբաթվան ընթացքին։ Անոր ծնողքը կբնակեին Փարիզեն կես ժամ հեռու, էթամպի մոտ առանձին տուն մը, Մոն–Պոր անունով, շրջապատված պարտեզներով, ուր հաստատեր էին իրենց առանձին տնտեսությունը։ Մարիա Սոլը նույնիսկ ժամանակ ունեցավ հայտնելու Միհրանին, որ հայրը հին սոցիալիստ էր, որ անոր ամբողջ կյանքին երազը եղած էր կոմունա մը կազմել՝ ազատ կամքով իրար միացած համախոհ մարգոց հետ, ուր ամեն մարդ պետք էր աշխատեր և արդյունքը տրամադրեր կոմունայի պետքերուն։ Մարիա Սոլի հայրը, որ եղեր էր հանրային խնամատարության պաշտոնյա, չէր կարողացեր իր այդ երազը իրականացնել։ Բայց երբ հանգստյան կոչվեր էր, անիկա իր կնոջը և երկու աղջիկներուն՝ Մարթայի և Մարիայի հետ, որ այն ատեն դեռ երեխա էին, քաշվեր էր էթամպի մոտ այդ փոքր գյուղը, ուր գներ էր հողամաս մը հորենական ժառանգությամբ և կառուցեր էր իր տունը։ Մարիայի հայրը՝ Ռընե Սոլը, ջանացեր էր իր սկզբունքներով համեմատ կազմակերպել իր կյանքը։ Տարիներու չարաչար աշխատանքի հետևանքով անիկա հասեր էր որոշ արդյունքի, և կկարծվեր, որ ան համոզում գոյացուցեր էր, որ եթե ամեն ոք իրեն պես վարվի, ընկերային բոլոր հարցերը ինքնին կլուծվին։ Անիկա իր կնոջը հետ, առանց որևէ ծառայի — Ռընե Սոլի սկզբունքներով հակառակ էր ուրիշի աշխատանքը վարձքով գնել,— կմշակեր իր հողերը և կպահեր իր անասունները։


Ռընե Սոլը, ուրեմն, իր բանջարանոցեն կհայթայթեր ընտանիքի բոլոր պետքերը, ուներ գետնախնձորի արտեր, որոնք կուտային իր տարեկան պաշարը. կպահեր հավեր, հնդկահավեր, սագեր, ճագարներ, որոնց կերը կստանար իր արտերեն. ուներ նաև խոզեր և այծեր։ Այծերու կաթը կվերածեր պանիրի և կարագի։ Իր կալվածի վրա եղող անտառակը կհայթայթեր վառելիքը, իսկ մեղվանոցները կուտային առատորեն մեղր, որով կպատրաստեին մեղրահաց, նույնիսկ շաքարահատներ։ Մրգաստանի պտղատու ծառերը կհայթայթեին ընտանիքին ոչ միայն թարմ և չոր մրգերը,այլև Ռընե Սոլը խնձորով և տանձով կպատրաստեր սիտր