Էջ:Barpa Khachik.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ուներ փոքր այգի, որուն խաղողը կուտար իրենց, նախնական միջոցներով պատրաստված, քիչ մը թթվաշ գինի։


Ռընե Սոլը արտաքին շուկայեն կգներ միայն հաց և հագուստեղեն, որոնց ծախքերը, ինչպես և հարկերու վճարումները կծածկեր իր հանգստյան թոշակով, որովհետև անոր սկզբունքներեն մեկն Էր՝ ո՛չ դրամով, ո՛չ ուրիշ կերպ չի փոխարինել իր աշխատանքի արդյունքը, որուն արտադրությունը կսահմանափակեր իր պահանջին համեմատ. կինը՝ Էլիզան, փարիզյան մայթերու վրա մեծացած կարուհի, նախ ոգևորությամբ ընդուներ էր ամուսնույն հովվերգական ծրագիրները, մտածելով, որ շուտով ան կձանձրանար այդ մեկուսացած կյանքեն և թե անխուսափելի դժվարությունները կսթափեցնեին իր ամուսինը այդ ուտոպիական ծրագիրներեն։ Նույն կարծիքին էին նաև ընտանիքի բարեկամները:Բայց, հակառակ բոլոր ենթադրություններուն, Ռընե Սոլը համառեր Էր։ Անիկա թերևս արժանապատվության հարց ըրեր Էր ապացուցանելու, որ իր գաղափարները իրագործելու թե՛ ուժը ուներ և թե՛ համոզումը։ Կինը մտածեր Էր, որ երբ երեխաները մեծնան, դպրոցի հարցը պիտի լուծեր այդ խնդիրը։ Բայց Ռընե Սոլը ինքը ստանձներ Էր անոնց կրթությունը և ոչ միայն նախնական, այլև երկրորդական կրթության ամբողջ ծրագիրը իրագործեր Էր, իր երկու աղջիկներուն ավանդելով նույնիսկ հին հունարեն և լատիներեն։


Անիկա համալսարանական կրթություն ստացած մարդ Էր և միևնույն ատեն ընկերաբանական ուսումնասիրություններ կատարած Էր։ Անոր հպարտություններեն մեկն Էր նաև իր աղջիկները կրթել ռուսոյական սկզբունքներով։ Ռընե Սոլը շատ ջանք թափեր Էր նաև իր կնոջը ուսումնական մակարդակը բարձրացնելու, բայց արդյունքը համապատասխան չէր եղեր իր ջանքերուն։ Ոչ թե էլիզան անընդունակ էր, այլ բոլորովին տարբեր ուղղությամբ մը կգործեր անոր իմացականությունը։ էլիզան նրբամիտ էր և թափանցող, բայց երբեք իր միտքը չէր կարող սևեռել վերացական խնդրի մը վրա։ Անոր իմացականության լույսի տակ կիյնային միայն գործնական խնդիրները, առօրյա կյանքը։