Էջ:Barpa Khachik.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասկե զատ, անիկա ուրախ բնավորություն ուներ և իր ամուսնույն ուտոպիական գաղափարներուն հետ կվերաբերվեր շատ նուրբ հեգնությամբ, ինչպես իր ամուսնույն հոգեկան մեկ հիվանդությունը, որուն հետևանքները կկրեր անտրտունջ։


Ամեն առավոտ կանուխ այր ու կին կիջնային իրենց տանը գետնահարկը, ուր ամուսինը փայտի ոստերով կրակը կվառեր վառարանին մեջ, և կինը նախաճաշիկը կպատրաստեր։ Հետո կերթային իրենց գործերուն, ամուսինը կզբաղեր մշակության գործերով, իսկ կինը՝ անասուններով: Ժամը տասնեն֊տասներկու կինը կզբաղեր տան գործերով, ցորեկվա ճաշը կպատրաստեր, մինչ ամուսինը աղջիկներուն հետ կպարապեր հատուկ սենյակի մը մեջ, որուն ստուդիո անունը տվեր էին։ Կեսօրեն մինչև ժամը երկու, ցորեկվան ճաշեն հետո, ամեն ոք ազատ էր իր ուզածին պես տրամադրելու իր ժամանակը, ժամը երկուքեն մինչև վեցը աղջիկները կպատրաստեին իրենց դասերը, իսկ այր ու կին կզբաղեին իրենց տնտեսության գործերով։ Ընթրիքեն առաջ տանը բոլոր անդամները կհագվեին, կզարդարվեին յուրաքանչյուրը իր ճաշակին համեմատ, և իրար կգտնեին, այլափոխված, առաջին հարկի մեծ ճաշասրահին մեջ, որ կահավորված էր ճաշակով և որուն պատերուն վրա կային արժեքավոր յուղաներկ պատկերներ, մեծ մասամբ նվեր Ռընեի նախկին ընկերներե, որոնցմե ոմանք ժամանակի ընթացքին դարձեր էին հռչակավոր նկարիչներ: Այդ պատկերներու շարքին մեջ պատվո տեղը կգրավեր Ռընուարի վրձինով նկարված Ռընեի մեծադիր պորտրետը, մինչդեռ ժուժկալ ճաշակով կահավորված սալոնին գլխավոր զարդը կկազմեր Վլամինկի մեկ շքեղ գյուղանկարը։


Ընթրիքեն հետո Ռընե Սոլը կանցներ սալոն, ուր դաշնակի վրա կնվագեր, նախընտրությամբ՝ Շոպենի և Շոլմանի գործերեն։ Անիկա իր պատանեկան տարիներեն սիրած էր երաժշտությունը և պահ մը կարծած էր նույնիսկ, որ այդ է իր կոչումը։ Սինը, վարդագույն լուսարգելով լամպայի մեղմ լույսին տակ, թիկնաթոռի մը մեջ նստած կասեղնագործեր կամ կկարեր, մինչ աղջիկները կփորձեին կարդալ և հազիվ