Էջ:Barpa Khachik.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ պարկերու ծայրին կհասներ, կտեսներ, որ առաջինները փլած էին, և այսպես անվերջ:


Երբ Միհրանը Յորկիին կգանգատեր իր այդ ապարդյուն ջանքերու վրա, Յորկին անոր քթին կխնդար անկեղծությամբ և անհասկնալի կգտներ Միհրանի համառությունը այդպիսի ապաշնորհ գործի մը մեջ։


— Ատոնք բոլորը ինկած տերևներ են,— կըսեր ան,– իսկ դուն կուզես դարձյալ առողջ ծառին ճյուղերուն փակցնել անոնք, վազ անցի՛ր… ուրիշ կարևոր գործեր կան կատարելիք:


Բայց Միհրանը չէր կրնար անջատվիլ այդ միջավայրեն, և ան շուտով անդրադարձավ, որ Մարիայի երկնային գույնով աչքերը հմայեր էին զինքը։ Եվ անիկա վճռեց երիտասարդ աղջիկը փրկել այդ միջավայրեն և դնել ուղիղ ճանապարհի վրա:


Այդ նպատակով Միհրանը ամեն ջանք կըներ առանձին հանդիպելու Մարիային հետ։ Իր առաջին փորձերը՝ Մարիան ուղիղ ճանապարհի վրա բերելու, բավականին դիմադրության հանդիպեցան։ Մարիան կհետաքրքրվեր խորհրդայնացած երկիրներու կյանքով, մանրամասնություններ կհարցներ, որոնց Միհրանը կպատասխաներ ինչքան որ կարող էր, հետևելով իր ստացած ստույգ տեղեկություններուն։ Մարիան կոգևորվեր և իր ձայնը կմիացներ Միհրանի գովեստներուն, բայց հանկարծ կընկրկեր, կարծես զգուշանալով որոգայթե մը, և կգոչեր.


— Օ՜հ, ես չեմ ուզեր զորանոցային կյանք…չեմ սիրեր, որ իմ բոլոր շարժումներս և խոսքերս չափված–ձևված ըլլան, օ՜հ, ո՛չ, ո՛չ…


Միհրանը կբողոքեր, կպնդեր, որ այնտեղ ոչ մեկ զորանոցային բան չի կա, ընդհակառակը, բայց Մարիան չէր հետևեր Միհրանի խոսքերուն և, իր մտքին մեջ եղած պատկերացում են խրտչելով, ոտքի կելլեր, քղանցքները կթափահարեր և երկու ձեռքերը օդին մեջ կշարժեր մերժողաբար։


Անզգալաբար Միհրանը Մարիան հրապուրելու համար կներկայացներ այն կյանքը, որ պիտի լիներ ապագային,