Էջ:Barpa Khachik.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


- Ինչո՞ւ կուլաս, Մարիա,– ըսավ Միհրանը մեղմանալով,— դուն ի՜նչ զարմանալի աղջիկ ես…


— Որովհետև… որովհետև…— ըսավ խարտյաշ աղջիկը հեկեկալով,— դեռ ոչ ոք ինձ հետ այդպես չէր խոսեր:


Այդ օրեն հետո Մարիան ոչ միայն հլու դարձավ, այլև խոնարհաբար տեղեկություններ կհարցներ Միհրանին. նույնիսկ կխորհրդակցեր անոր հետ կենցաղային մանրամասնություններու վերաբերյալ։ Անիկա իր արդուզարդը պարզացուց և սովորություն առավ կարմիր փողկապ մը դնել, ցանեց իր հին ծանոթները և վազնիվազ կերթար կոմունիստներու և համակրողներու կազմակերպած ցույցերուն և երեկույթներուն։ Ձմեռը անիկա գնեց, զոհողություններու ի՜նչ գնով, կաշյա վերարկու և գերմարդկային ճիգեր ըրավ առնական երևույթ մը տալու իր շատ կանացի սիլուետին։ Այդ բոլորով անիկա կկարծեր մոտենալ Միհրանի կանացի իդեալին, դառնալ անոր արժանի ընկերուհին:


Բայց Միհրանը հանկարծ ցրտացեր էր Մարիայեն, անոր կապույտ աչքերու հմայքը աղոտացեր էր, որովհետև Միհրանը սիրահարվեր էր իսկական ընկերուհիի մը։ Անիկա բանվորական ընտանիքն դուրս եկած աղջիկ էր և առաջին ակնարկով ոչինչ չուներ արտակարգ։ Երկար ատեն Միհրանը հանդիպեր էր Ժանեթին իր բջիջի ժողովներուն՝ առանց մասնավոր ուշադրություն դարձնելու անոր, և ահա օր մը, երբ տպարանի մը առաջ կսպասեին թռուցիկներ վերցնելու և ցրվելու համար բանվորներու՝ գործարաններերե ելքին, հյուսիսային գավառներով մեջ թելի բանվորներու գործադուլը լուսաբանելու և բանվորական համերաշխության կոչ ընելու համար, Միհրանը զգաց բուռն հուզմունքով, որ ժանեթի ներկայությունը սիրելի էր իրեն։ Երբ թռուցիկները վերցուցին, անոնք համարյա վազելով գացին Բիյանկուրի կողմերը։ ժանեթը պահ մը շնչասպառ եղավ և կռթնեցավ Միհրանին։ Անոնք երկուքով կանգ առին, և փարիզյան գորշ երկնքին տակ Ժանեթի կանանչորակ աչքերը հանդիպեցին Միհրանի նայվածքին։ Անիկա ամբողջ մարմնովը սարսռաց և պատասխանեց Ժանեթի հարցական ժպիտին անձկալի նայվածքով։ Ժանեթը կբնակեր Սենթ֊Ուենի կողմերը և կաշխա–