Էջ:Barpa Khachik.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գականներուն համար վարձել կահավորված ընդարձակ սենյակ մը նույն տան մեջ, բայց վեցերորդ հարկը…


— Հոգ չէ,– ըսին Բարպան, Վիկտորյան և Միհրանը միաձայն։


- Քեզի մոտ կըլլանք, ուրիշ բան չենք ուզեր,– ավելցուց Վիկտորյան։


Յորկին և Միհրանը պահ մը իրարու հետ խոսքի բռնվեցան, և Բարպան իր աչքերը կպտտցներ սրճարանի ընդարձակ սրահին մեջ, որուն հայելապատ որմերը ավելի մեծ ընդարձակության մը տպավորությունը կընեին, անիկա առանց ախորժակի կվերջացներ իր նախաճաշիկը և երբեմն կդիտեր Վիկտորյան, որ հուզմունքի բարձր աստիճանի մեջ, չէր գիտեր լալ, թե խնդալ և արցունքոտ աչքերով, բայց հիացած կդիտեր երկու երիտասարդները, որոնք ֆրանսերեն կխոսեին։ Անիկա կդիտեր նաև, որ Յորկին մարդ եղեր էր, դարձեր էր հասած երիտասարդ, ազատ իր շարժումներուն և խոսքերուն մեջ և որ համարձակությամբ գարսոնին տվեր էր իր պատվերները և այժմ կվճարեր, գրեթե առանց խոսակցությունը դադրեցնելու։ Թե՛ Բարպան և թե՛ Վիկտորյան կզգային, որ Յորկին թոթափեր էր բոլորովին օտարականի երևույթը և հոգեբանությունը, անիկա դարձեր էր մեծ ոստանին քաղաքացին, և այդ տպավորությունը վստահություն կներշնչեր երկուքին ալ։ Յորկին կդառնար իրենց պաշտպանը, և արդեն իրենց բոլոր էությունովը կապավինեին անոր:


Երբ քիչ հետո տաքսին իրենց կտաներ Փարիզի փողոցներեն, երեքն ալ անհագ աչքերով կդիտեին քաղաքի զանազան երևույթները և կկրեին հակասական տպավորություններ։ Վեցհարկանի բարձրաբերձ տուները, մեծ հյուրանոցներու և զանազան հիմնարկներու մոնումենտալ կերպարանքը, մյուս կողմանե՝ Բուլվար դը լոպիտալի վրա բացօդյա շուկան, իրարու քով երկար սեղաններու վրա դիզված զանազան ապրանքները՝ բանջարեղեններ, մրգեր, միս, պանիր և այլն, որոնց ետև կանգնած էին կին վաճառողներ, կարճ բրդյա պելերիններով, կարմիր, այրած դեմքերով և մարմնեղ, բայց ամենքն ալ քորսեի մեջ սեղմված իրաններով… Հետո գնողներու բազմությունը՝ մեծ մասով կիներ, ոմանք