Էջ:Barpa Khachik.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեր Բիյանկուրի ռազմական գործարաններեն մեկուն, մեջ: Ուղիղ կանգնած դասակարգային հողին վրա, անիկա չուներ և չէր ունեցեր ոչ մեկ մտավորական որոնումներ և պարզորեն ու հստակորեն կըմբռներ պրոլետարիատի իրավունքները և պարտականությունները: Անոր միտքը խճողված չէր միջանկյալ խնդիրներով. իր մեկնակետեն դեպի նպատակակետը ճանապարհը կերկարեր ուղիղ և վճիտ։


Միհրանը անմիջապես մտածեց, որ Ժանեթն էր իր իսկական կյանքի ընկերուհին։ Մտադրեց առանց այլևայլի ամուսնություն առաջարկել անոր, բայց Ժանեթը այնքան հեռու էր այդ միջոցին այդպիսի մտահոգություններն, որ Միհրանը վարանեցավ խոսք բանալու։ ժանեթին ամբողջ ուշադրությունը լարված էր, որովհետև ֆլիկներ կարող էին խուժել հանկարծ իրենց վրա և արգելք հանդիսանալ իրենց գործին: Քիչ անդին, բաց հրապարակին վրա, ուրիշ ընկերներ, թռուցիկներու ծրարներ թևերնուն տակ, կդեգերեին, և անոնք իրար հետ հեռվե֊հեռու նշանացի միտքեր կփոխանակեին։


Հանկարծ գործարանի շչակը լսելի եղավ։ Միևնույն ատեն և ոստիկաններ երևցան, որոնք թեև դեռ փոքր թիվով, բայց ուղղակի կդիմեին դեպի գործարանի ելքի դռները և կհամախմբվեին։


— Ինչի՞ կմտածես, Միհրա՛ն,— ըսավ Ժանեթը իր ընկերոջ, երբ տեսավ, որ անիկա թողուց, որ խումբ մը բանվորներ անցնին և չի տվավ թռուցիկներ։


Բայց այդ րոպեեն հետո Միհրանը աշխուժացավ, կարծես բազմապատկվեցավ. անիկա կդիմեր մեկ խումբեն մյուսը, կցրվեր թռուցիկները, կերթար ստանալու ուրիշներ և, ոստիկաններու քթին տակ շարունակական զիգզագներ գործելով, կկատարեր իր դերը։ Ոստիկաններ կհալածեին առանձին ցրվողները, բայց Միհրանը և Ժանեթը միշտ շրջապատված էին բանվորներու խումբերով։ Վերջին խումբը ազդարարեց Միհրանին, որ մարդ չէր մնացած գործարանը և թե լավ էր, խոհեմության համար, որ իրենց հետ մտներ մետրո, բայց Միհրանը՝ իր ոգևորության թափին մեջ, չի լսեց բանվորներուն. դեռ փոքրիկ տրցակ մը թռուցիկներ ուներ, և դեռ կային ցիրուցան բանվորներ, բայց անմիջապես, որ բանվոր–