Էջ:Barpa Khachik.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներու խումբը հեռացավ, և Միհրանը հառաջացավ հակառակ ուղղությամբ, չորս ոստիկաններ խուժեցին իր վրա և կանգնեցուցին։ Ժանեթը տեսավ այդ, բայց, ըստ հրահանգի, չի տեսնել ձևացուց և արագ֊արագ իր ձեռքը եղած վերջին թռուցիկները բաշխեց ու հեռացավ։


Ոստիկանները խլեցին թռուցիկները Միհրանի ձեռքեն և ինքնության թուղթը հարցուցին և տեսնելով, որ օտարական է, անմիջապես առաջնորդեցին զինքը թաղին ոստիկանատունը։


ժանեթը մինչև կեսգիշեր զանազան միջոցներու դիմեց և վերջապես, Պերմանանսի* ընկերներու աջակցությամբ, հաջողեցավ արձակել տալ Միհրանը, որ առավոտյան ժամը երկուսին դուրս եկավ ոստիկանատան նկուղեն և տուն երթալե առաջ հանդիպեցավ Պերմանանսը։ Այնտեղ էին բջիջի ընկերներեն երկուքը, որ կսպասեին իրեն. քիչ հետո եկավ նաև Ժանեթը և երեքը մեկ առաջնորդեցին Միհրանը իր բնակարանը։


Անոնք անցան գրեթե ամբողջ Փարիզը, քալելով գիշերային այդ հառաջացած ժամուն, երբ բոլոր «պարկեշտ մարդիկը» քնած կըլլան։ ժամը երեքը անց էր, երբ հասան Կոնկորդի հրապարակը և պահ մը մտադրեցին անցնիլ հալերը, ուր այդ ժամուն բաց սրճարաններ կային։ Ժանեթը մտեր էր Միհրանի թևը և մտերմաբար կխոսեր անոր հետ։


— Եղածը չնչին բան է,— կըսեր ան,— բայց որովհետև օտարական ես, կարող են քեզ վտարել, նույնիսկ ստույգ է, որ այդպես կընեն, պետք է բոլոր հավանականությունները նախատեսել։ Իսկ ես կդիմեմ Կարմիր օգնության, կնախազգուշացնեմ…


Միհրանը սարսափեցավ այդպես հանկարծ Փարիզեն մեկնելու հեռանկարեն։


— Ես չեմ ուզեր, չեմ կրնար հեռանալ Փարիզեն,— ըսավ ան։


- Եվ դուն կկարծես, որ պրեֆեկտուրայի այդ պարոնները քու կարծիքդ ու ցանկությունդ կհարցնե՞ն,— ըսավ Ժանեթը հեգնանքով։ ___________

  • Արհեստակցական միության կենտրոնատեղը։