Էջ:Barpa Khachik.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փարիզեն հեռանալու գաղափարը բուռն շփոթություն կպաաճառեր Միհրանին: Անիկա այդ միջոցին կզգար, թե ինչքա՜ն սերտ կապերով կապված Էր մեծ ոստանին հետ և այդ պահուն, մասնավորապես, ժանեթի թևը սեղմելով իր կողին վրա, իրեն կթվեր, որ որևէ գնով պետք էր մնալ, չի բաժնվիլ այդ արի և անխոնջ աղջիկեն, որուն համար կզգար հիացում և սեր։


Անիկա կպատկերացներ Ժանեթը գալիք հեղափոխական պայքարի օրերուն մեջ, պատմական հերոսուհիի մը կերպարանքին տակ, և իրեն կթվեր, որ անոր բոցավառ հոգվույն շունչը զգալով, նայելով անոր խոր և կանանչավուն աչքերուն, ինքն ալ հերոսաբար կկռվեր և հեշտանքով կմեռներ…


— Կամ կանցնիս Բելգիա,— կըսեր ժանեթը,— ուր մեր ընկերները քեզ կպահեն և քոլ հետքդ կկորցնեն, որովհետև Բելգիայի ոստիկանությունը ավելի քաղցր չըլլար Ֆրանսիայեն վտարված օտարականին համար, և հետո սահմանը կանցնիս գաղտնաբար և կրկին կուգաս Ֆրանսա — սահմանին մերձ վայրերուն մեջ ալ ընկերներ ունինք,— կամ քեզ կմնա այստեղ անմիջապես թաքնվիլ և ապրիլ ապօրեն կերպով…


— Ես այդ վերջինը կընեմ,- ըսավ Միհրանը և ավելի պինդ սեղմեց Ժանեթի թևը։


Միհրանը տարակույս չուներ, որ Ժանեթը՝ մղված փոխադարձ սիրո զգացումով, նախորդ օրը չարաչար հոգնելե հետո, ամբողջ երեկոյին պահ մը իսկ չէր հանգստացեր, մինչև որ իր արձակումը ապահովեր էր։ Անոնք հասեր էին Մոպրի հրապարակը, ուր մյուս ընկերները՝ իրարու հետ վեճի բռնված, կքալեին առաջքեն որոշ հեռավորության վրա: Փողոցները ամայի էին, դադրեր էին նույնիսկ գիշերային զվարճավայրերն տուն դարձող մարդոց հատուկենտ տաքսիները։ Ամբողջ քաղաքը, կարծես, քարացեր էր առավոտյան սպասումին մեջ, որուն լռությունը կխանգարվեր միայն հալերը գացող բեռնատար ավտոներու խուլ որոտումովը։ Երբեմն ալ հերթափոխ բանվորներու խումբեր կանցնեին մայթերու վրայեն՝ հոգնած քայլերով։


Միհրանը՝ իր կրած զանազան տպավորություններեն արբած, կորսնցուց իրականության զգացումը, անիկա ֆիզիկա֊