Էջ:Barpa Khachik.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանոթներս, իմ բուրժուացած քո՞ւյրս, որ կթքե իր հարազատ զգացումներուն վրա, որդեգրելու համար իր փոքրոգի ամուսնույն, այդ գարշելի կարիերիստին, որ իր կնոջը կրունկը չի արժեր, ամենատափակ գաղափարները։ Ի՜նչ բարոյական կամ այլ օգնություն կբերեն ինձ այդ բոլորը, որպեսզի ի փոխարեն ես իրենց զոհեմ իմ անհատական երջանկությունս, իմ շքեղ երազս…


Միհրանը վերջիվերջո սթափվեցավ իր թմրութենեն և սկսավ ուշադրություն դարձնել Մարիային։ Անիկա իր ճերմակ բլուզով, որուն կուրծքին վրա կարմիր փողկապը վառ երանգ մը կկազմեր, կնմաներ արյունոտած շապիկով մարտիրոսուհիի: Անոր լայն բացված կապույտ աչքերը կվառեին տենդով, և հասկի գույն մազերու կոհակները ճակատին և քունքերուն վրա տամկացած Էին աննշմարելի քրտինքեն։


Բայց անոր հոգեկան տագնապը կարտահայտեին, մանավանդ, անոր նուրբ և երկար մատներով ձեռքերը, որոնք կգալարվեին ծունկերուն վրա։


— Միակ հաշվի առնելիք բանը,— ըսավ Մարիան, պահ մը լռութենե հետո, ինչպես եթե այդ խնդիրը, որու մասին կխոսեր, որոշակի ներկայանար իրեն,— հորս և մորս կրելիք վիշտն Է, բայց ըսեք, կխնդրե՛մ, ինչո՞ւ պետք Է վշտանան, քանի որ այդպիսի վարմունք մը համապատասխան Է իրենց սկզբունքներուն. անոնք պետք Է, որ վշտանային Մարթայի վարմունքով, բայց փորձը ցույց տվավ, որ կհարմարվին, չէ որ կայցելեն քրոջս, կենսամթերքներ կուղարկեն և երջանիկ կհամարեն իրենց, երբ Մարթան, հազար անգամ մերժելե հետո մորս աղերսագին հրավերները, օր մը իր ահռելի ամուսնույն հետ կերթա իր ծնողքին այցելության… և այն ալ, վստահ եղիր, Միհրա՛ն, մի որևէ բան պահանջելու համար։ Կկարծե՞ս, որ հայրս՝ իր նրբամտությամբ, չի հասկնար իր աղջկան շահագրգռված զգացումներուն երանգները… Իհարկե կհասկնա, բայց կուլ կուտա… է՜հ, ուրեմն, ենթադրենք, թե հայրս չի հավանի իմ վարմունքիս, թող այդ ալ կուլ տա և, վերջապես, թող մխիթարվի Մարթայով, իր բուրժուացած աղջիկով…


— Լա՛վ, Մարիա՛,— ըսավ Միհրանը, աղջկան ձեռքը բըռ-