Էջ:Barpa Khachik.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլխարկով, ոմանք բաց-գլուխ, արդեն բեռնավորված ֆիլեներով և զամբյուղներով։


Տաքսին հաճախ կանգ կառներ, սպասելով քաղաքապահ ոստիկանի նշանին՝ կրկին ճամփա ելլելու համար։ Անցան կամուրջե մը և երկու կողմերեն դիտեցին Սենայի պղտոր ջուրերը, որոնք՝ մերկ քարափներու մեջ սեղմված, կերթային կորսվելու զիգզագներով։


Բուլվար Մարսելեն անցած ատեն Բարպան մտածեց, որ կանցնեին քաղաքի ամենեն շքեղ պողոտայեն։ Երկու կողմերու վեցհարկանի տուները, որոնք գորշացած էին անձրևեն, իրենց ներքնահարկերուն վրա ունեին անընդհատ խանութներ, որոնք կծախեին ամեն կարգի ապրանքներ… հետո վերջապես մտան Գոբըլենի ավընյուն, ուր նույնպես բացօդյա շուկա մը կար, և մտան Կլոտ Բեռնար փողոցը և, վերջապես, Բրոկա փողոցը։


Իրենց հատկացված սենյակի բանալին դռնապանուհիին մոտ էր, որ անհետացեր էր այդ միջոցին։ Յորկին առաջնորդեց իր ազգականները իր սենյակը, ուր դրին իրենց բեռները. պարապ սենյակ՝ հազիվ կահավորված անհրաժեշտ իրերով. սեղանը, շըմինեն և նույնիսկ անկողինը խճողված դիրքերով և թերթերով։ Անիկա տեղավորեց իրերը և միջոց մը կփնտրեր իր մեկ աթոռով գոնե Բարպան և Վիկտորյան նստեցնելու հարցը լուծելու, երբ մատի թեթև հարվածներ զարկին դռանը։


Յորկին, դուռը կիսաբաց, սկսավ խոսիլ կնոջ մը հետ։


- Հիվանդ չեմ, մադամ Լեն,— կըսեր ան,— ազգականներս եկեր են Պոլսեն, այսօրվան համար արձակուրդ վերցուցի…


- Եկե՛ք ինձ մոտ,— ըսավ կինը։


- Ո՛չ, այսօր անհարմար է, նախ տեղավորեմ ճամփորդներս, դռնապանուհին իր լոժը չէր, բանալին իր մոտ է։


- Անհրաժեշտ է, ուրեմն, ինձ մոտ գալ, բերեք և ձեր ազգականները…


- Լա՛վ, պահ մը հետո։


Յորկին, դուռը փակելե հետո, ըսավ Բարպային և Վիկտորյային ուղղվելով.