Էջ:Barpa Khachik.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլալով երկրեն։ Այդ խմբակներու մեջ պետք էր կատարվեր նախապատրաստական աշխատանք բանվորներու դասակարգային գիտակցությունը հրահրելու և ամրացնելու և անոնցմե լավագույնները ներգրավելու համար կոմկուսի մեջ։ Միհրանը ստիպված էր գիշեր֊ցորեկ աշխատիլ, հաղթահարել անթիվ անակնկալ դժվարություններ, որոնք կբխեին, մեկ կողմե, այդ խմբակներու մեջ մտնող անդամներու գաղափարախոսական անպատրաստութենեն, և մյուս կողմե հայ ազգայնական կուսակցություններու կողմե լարված դավերեն։


Իր բոլոր ժամանակը հատկացնելով կազմակերպչական գործերու, Միհրանը թեև եռուն աշխատանքի մեջ կգտնար անհամար նյութեր, կտոգորվեր կյանքի փորձով, բայց միշտ կցավեր, որ ժամանակ չէր գտներ գրելու։ Այժմ անիկա շատ լավ կպատկերացներ այդ աշխատանքային խմբակներու բազմապատկվիլը. անոնք պետք է ընդգրկեին բոլոր գաղութահայ աշխատավորները, պետք է խլեին ազգայնական կուսակցություններեն այն շարքայինները, որոնք տատանման մեջ էին և որոնց դասակարգային շահերը հակամարտության մեջ էին դավաճան շեֆերու ավանտյուրիստական նպատակներուն հետ։ Կազմակերպչական ցանցը իր լայն գործունեությունը կնետեր ամբողջ Ֆրանսիայի հայ աշխատավորության վրա, և ուրիշ երկիրներու հայ գաղթականները կհետևեին ֆրանսիացի աշխատավորներու օրինակին…


Գործունեության այս թափին մեջ, երբ Լինելիքը հաճախ կշփոթեր ներկային հետ, Միհրանը կապրեր տենդագին կյանքով։ Մարիայի հետ ունեցած կապը փոխանակ ջլատելու իր ուժերը, ընդհակառակը, կկազդուրեր զինքը։ Անիկա սկսավ քաղցրությամբ վարվիլ նաև Ժանեթին հետ, որուն հետ հաճախ կհանդիպեր և որուն նկատմամբ պահեր էր իր սրտին խորքին մեջ չի գոհացված զգացումի մը ափսոսանքը։ ժանեթը նույնպես լսեր էր Միհրանի և Մարիայի մեջ եղած կապի մասին և ընկերաբար հետաքրքըվեցավ։ Ժանեթը հաճախ Մարիային կհանդիպեր իրենց կազմակերպած երեկույթներուն և համակրություն ուներ անոր նկատմամբ, բայց առայժմ մեծ բան չէր սպասեր անկե։