Էջ:Barpa Khachik.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քումներ, որոշ տեսակի արդուզարդի պահանջ, որը կգոհացննեին իր պատահական սիրահարները։ Անիկա քանի մը ամիս տանը ծախքերը հոգացեր էր տարեց ավստրիացի բարձրաստիճան սպայի մը առատաձեռնություններով, մորը հավատացնելով, որ թարգմանի պաշտոն մը գտած էր։


Երբ գերմանացիները և ավստրիացիները մեկներ էին, անոնց հաջորդեր էին անգլիացի, ֆրանսիացի և իտալացի սպաներ։ Բայց, վերջապես, թե՛ աղջկան հասույթները նվազեր էին և թե՛ մորը պահեստի միջոցները։ Անոնք ծախեր էին իրենց ադամանդները և քարեղենները, ոսկեղեն զարդերը, տանը արծաթեղենը, նույնիսկ կարասիները, պղինձներ և ուրիշ անհրաժեշտ առարկաներ։ Եվ վերջապես, զրկված ամեն միջոցներն, թողեր էին Բերայի բնակարանը և գացեր էին բնակելու Օրթագյուղ, ուր տիկին Զարուհին կար կկարեր ապրելու համար։ Իսկ Մաննիկը իբր հեռախոսավարուհի, շնորհիվ ֆրանսիացի «բարեկամի» մը միջնորդության, մտեր էր Թոգաթլյանի պանդոկը։ Իր հանդիպած ամեն ազգե մարդոց մեջ Մաննիկը իսկապես կարեկից բարեկամ գտեր էր բրըտոն Ալբերը, ծովային սպան, որ զինքը լուսաբաներ էր իր կացության վրա։ Անիկա իսկապես սիրեր էր Մաննիկը, և այդ սերը արգելք եղեր էր Մաննիկին հետ ունենալու անցողակի հարաբերություն։ Անիկա դեռ շատ երիտասարդ էր, հազիվ քսաներեք տարեկան, բայց կթվեր ունենալ կյանքի մեծ վարձություն։ Անիկա կընկերանար Մաննիկին պտույտի էրթալու համար և անոր կխոսեր պարկեշտ և աշխատանքով մաքրագործված կյանքի մասին։ Երբ իր թոշակը կստանար, Մաննիկը կհրավիրեր ճաշի։ Թոգաթլյանի հաճախորդները, այդ կապուտաչվի, սև մազերով երիտասարդը միշտ տեսնելով Մաննիկին հետ, կկարծեին, թե անոր սիրահարն է, և հանգիստ կթողեին երիտասարդուհին, որ «կաղ գեղեցկուհի» կկոչեին իրենց մեջ։


Տիկին Զարուհին, Օրթագյուղ անցուցած այդ անփառունակ օրերուն իջնելով իր կյանքի անդունդի մինչև հատակը, հաճախ կար կաբելով, առիթ կունենար վերաքննության ենթարկելու իր ամբողջ կյանքը։ Անիկա առանձին խորհրդածելով եկեր էր այն եզրակացության, որ ինքը եղեր էր աղջկան ան-