Էջ:Barpa Khachik.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իմ հարևանուհիս է, ձեզ կհրավիրե իր սենյակը…


Բայց այդ միջոցին դռնապանուհին իր տասնամյա տղուն հետ, որ կեսօրի դպրոցական արձակուրդին համար տուն վերադարձեր էր, ղրկեց Բարպայի սենյակի բանալին։


Սենյակը կգտնվեր Յորկիի հարկին վրա, նրբանցքին անկյունը։ Անիկա իրավամբ բավական ընդարձակ էր և որուն լայն պատուհանը կբացվեր բակին վրա։ Բայց վեցերորդի այդ բարձրությանը, բակը, որ հորի պես կխորանար, եթե մեկը վար նայեր, կմթնացներ մինչև չորրորդ հարկի սեն¬ յակները, անզոր էր իր մգլոտ և մռայլ մթնոլորտը հասցնելու։ Բակեն անդին կտարածվեր հին Փարիզի մեկ անկյունը, որուն անհրապույր և տգեղ տուները չորս կամ առավելն հինգ հարկանի էին։ Բարպան և Վիկտորյան անմիջապես գացին այդ անվարագույր պատուհանին առաջ, բացին և անդրադարձան, որ երկաթյա կարճ վանդակին հենարանը ծածկված է մուրոտ փոշիով, և տեսան իրենց առաջք պարզված՝ չեչաքարով ծածկված գորշ տանիքներու հաջորդությունը, որոնցմե կբարձրանային աղյուսագույն ծխնելույզներ, ոմանք ուղիղ, ոմանք կեռ բերանով, ոմանք սրինգի նման բարակ և ոմանք լայնաբերան։ Ծխնելույզներեն ոմանք կարձակեին ծուխի վտիտ սյուներ, որոնք քիչ մը բարձրանալե հետո, կպաղեին անձրևոտ մթնոլորտին մեջ և ծածանվելով կխառնվեին իրարու։ Ավելի հեռուն ֆաբրիկայի մը աղյուսագույն ծխնելույզը կբարձրանար, ստորոտը լայն, հետզհետե ավելի նեղ, և որուն սև բերանը փիղի պատիճի նման դուրս թափված շրթունք ուներ։ Բարպան զարմացած կդիտեր այդ անօրինակ մինարեն, երբ անիկա իր սև ծուխը թքավ դեպի գորշ երկինքը, նախ՝ ընդհատումներով, հետո՝ աննդհատ ժայթքով։ Ածուխի պես սև ծուխի քուլաները կհետևեին իրարու, կարծես իրար հրելով և ծխնելույզի կատարին կազմելով սև ամպերու ծվեններ, որոնք կտարածվեին հետզհետե՝ առանց բարձրանալու։ Քիչ հետո անձրևին հետ, մթնոլորտին մեջ առկախ, ծանր֊ծանր կիջնային պարարտ մուրի փաթիլներ, ինչպես սև ձյուն, և իրենց իջած տեղերը կտարածվեին և կխառնվեին անդադար իջնող անձրևի խոնավության։