Էջ:Barpa Khachik.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարել։ Աղջկան ստացած թոշակը և մորը աշխատանքը - անիկա շուտով սովորեր էր կարի արհեստին նրբությունները — բավական էին ծածկելու համար իրենց բոլոր ծախքերը։ Անոնք իրենց աշխատանքով անկախ դիրք ստացած էին, բայց տիկին Զարուհին հաճախ գործը կթողուր և կերթար Պոլսո զանազան թաղերը՝ որևէ փեսացուի հետքերու վրա և, մյուս կողմանե, անիկա ավելորդ ծախքեր, նվերներ, հրավերներ կըներ ենթադրյալ փեսացուի մը մոր կամ հեռավոր ազգականներուն, կամ գործի ընկերներուն։


Անիկա կապված էր միջնորդ կանանց հետ, որոնց հետ երբեմն սակարկության կմտներ, ինչպես եթե աղջիկը ապրանք մը ըլլար։


— Ո՞ւր պիտի գտնեն այդպիսի աղջիկ,— կըսեր ան,— թե՛ գեղեցիկ, թե՛ ուսյալ և թե՛, մանավանդ, պարկեշտ։ Մորը թևին տակ մեծցած աղջիկ է… հիմիկվան լկրտածներուն պես չէ…


— Բայց, արևդ սիրեմ, Զարուհի հանըմս,- կըսեր միջնորդ կինը,— ատ ըսածներդ ճիշտ են, բայց աղջիկդ անանկ պակասություն մը ունի, որ… տեղավորելը շատ դժվար է: Դուն ալ զոհողություն մը պիտի ընես։


Միջնորդ կիներեն շատերը կկարծեին, որ տիկին Զարուհին ոչ թե չի կրնար, այլ չուզեր դրամօժիտ տալ, անոնք գիտեին անոր անցյալ դիրքը, Զարեհ էֆենդիին հետ ունեցած սերտ կապերը և տունին գոյությունը։


— Ալյուրին պարկը ինչքան պարպված ըլլա, նորեն թոթվես ալյուր կմաղվի,— կըսեին անոնք։


Զինադադարեն հետո Եվրոպայի ամեն կողմերեն և, մանավանդ, Ամերիկայեն մարդիկ կուգային Կ. Պոլիս՝ ամուսնանալու և իրենց կնոջը հետ վերադառնալու համար։ Տիկին Զարուհին մրցումի մտավ ամուսնացու աղջիկ ունեցողներուն հետ և այդ ուղղությամբ ջանաց մեկը ձեռք անցընել, «մեկը ճանկել», ինչպես կըսեին հարսնացու ունեցող այդ մայրերը։


Անիկա՝ իր աղջիկը հագվեցուցած ինչպես որ հարկն էր, երբեմն պարզությամբ, երբեմն շքեղ, կերթար անոր հետ եկեղեցիները, երեկույթներու, պարահանդեսներու և, վերջապես, բոլոր այն վայրերը, ուր ընդհանրապես, տարեց և պատերազ–