Էջ:Barpa Khachik.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի միջոցին հարստացած այդ ամուրիները կարող էին գտնվիլ։ Բայց մրցումը սոսկալի էր։ Մաննիկի վարած կյանքը պատերազմի միջոցին, կաղությունը, բայց մանավանդ, որևէ օժիտե զուրկ ըլլալը մահացու հարված կուտային տիկին Զարուհիի հույսերուն։ Մաննիկը՝ զզված և հոգնած այդ բոլոր ապարդյուն փորձերեն և, մյուս կողմանե, զարհուրած այդպիսի բծախնդիր մեկու մը հետ, ինչպիսիք էին այդ ամեն տեսակի առևտուրի մեջ կոփված տարեց ամուրիները, ամուսնանալու հետևանքներեն, հետզհետե ավելի հաճույքով կմտածեր Միհրանին վրա։ Վերջին փորձը տիկին Զարուհին կատարեց Բելգիայեն եկած քառասունի մոտ ամուրիի մը վրա։ Միջնորդ կին մը այդ մարդուն հետքին վրա դրեր էր տիկին Զարուհին, որ նախ մինակը հանդիպում ունեցավ այդ մարդուն հետ։ Անիկա գորգի վաճառական էր և կըսեին, թե բավական մեծկակ հարստության տեր է և բարձր դիրք ունի Բելգիայի մեջ։ Միջնորդ կինը ըսավ տիկին Զարուհիին, որ այս փեսացուն աղվոր պատառ մըն է, բայց դժվար է «ճանկել»։ Անիկա ամեն օր հրավերներ կընդուներ և ամեն օր աղջիկներ կտեսներ, «մեկը քան զմյուսը» գեղեցիկ, շնորհալի, ուսյալ։


Գորգի վաճառականը տիկին Զարուհիին հանդիպեցավ իր մեկ ազգականուհիին տունը, նախապես երկու կիներու մեջ եղած համաձայնության մը համեմատ։ Ամուրին շատ սիրեց տիկին Զարուհին և այն իրիկունը քանի մը անգամ բացականչեց.


- Այսօր հանգիստ օր մըն է, փառք աստծու, հարսնցու չի կա հրապարակի վրա։


Տիկին Զարուհին հանդես բերավ իր հին և նոր բոլոր միջոցները՝ մարդը հրապուրելու համար։ Քանի մը փարթի թուղթ խաղաց և կորսնցուց, ուշ ատեն հելվա պատրաստեց այնքան արագ, կարծես մոգական գավազանի հարվածով, և սեղանին վրա բերավ, հետո խոսեցավ՝ բնորոշելով Բերայի մեծաշուք տիկինները, նրբամտությամբ երևան բերելով ամեն մեկուն ծիծաղելիությունը, անհատական և ընտանեկան արատները։ Բուռն կերպով ձաղկեց այդ տիկիններուն իրենց